Աստանայում ավարտվել է Պուտին-Էրդողան հանդիպումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված Ասիայի փոխգործության և վստահության միջոցների 6-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով՝ տևելով 1.5 ժամ:
Նախքան փակ հանդիպումը երկու նախագահները կարճ զրույց են ունեցել: Էրդողանն իր խոսքում անդրադարձել է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով Թուրքիայի Մերսին քաղաքում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի հարցին: Էրդողանի խոսքով՝ ատոմակայանի կառուցումը Մերսինում կարող է բավարարել Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի 10 տոկոսը: Իսկ երկրորդ ատոմակայանի կառուցումը կարող է բավարարել Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջարկի ևս 10 տոկոսը (երկրորդ ատոմակայանը նախատեսվում է կառուցել Թուրքիայի Սինոփ քաղաքում):
Անդրադառնալով «հացահատիկի միջանցքի» հարցին՝ Էրդողանը նշել է, որ Անկարան վճռական է ուժեղացնելու Ստամբուլում այս հարցում ձեռք բերված համաձայնությունը:
Հրապարակման պատրաստեց «Դետք»-ը