Աշխատե՛նք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որ մնում է հավիտենական կյանքի համար
Մարդիկ աշխատում են մարմնավոր կերակրի համար, հաճախ մոռանալով հոգևոր կերակրի համար աշխատելը։ Մարդը միայն մարմնի սնումով չի կարող իրապես ապրել, այլ պետք է նաև սնի իր հոգին։ Քրիստոս մեր Տերն Ինքն է պատվիրում․ «Գնացեք աշխատեցե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որ մնում է հավիտենական կյանքի համար, և որ մարդու Որդին կտա ձեզ» (Հովհ 6.27):
Հաճախ շատ մարդիկ տքնաջան աշխատանքով դարձյալ դառը կարիքների ու նեղությունների մեջ են մնում, քանի որ նյութականն են իրենց համար առաջնային և կենսական համարում։ Մինչդեռ Տերունական աղոթքում նշվում է հերթականությունը՝ նախ Աստծո կամքի կատարման մասին հոգալ, հետո նոր մտածել հացի մասին․
«Սուրբ եղիցի անուն քո։ Եկեսցէ՛ արքայութիւն քո։ Եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի։ Զհա՛ց մեր հանապազորդ տու՛ր մեզ այսօր» (Մատթ. 6.9-11): Քրիստոս նաև ասում է․ «Ասյսուհետև հոգ մի՛ արեք՝ ու մի ասեք՝ ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք կամ ինչ պիտի հագնեք, որովհետև հեթանոսներն են այդ որոնում․ քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտի, թե այդ բոլորը ձեզ պէտք է։ Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ․ 6. 33):
Երբ Ադամը արտաքսվեց դրախտից, դատապարտվեց քրտինքով վաստակելու իր հացը (Ծննդ․ 3.19): Նույնպես ջանքերով նաև հոգևոր հացն է վաստակվում, այսինքն՝ աղոթքով, ծոմապահությամբ, առաքինությունների գործադրմամբ։ Ով միայն մարմնավորի համար է աշխատում նման է դռան, որ ծխնիների վրա ետ ու առաջ է գնում, շարժվում է աշխատում, բայց հոգևորի մեջ չի առաջանում։ Եվ կամ նման է ծույլ մարդու, ով անընդհատ շարժվում է պառկած տեղը այս ու այն կողմ, բայց նշանակալի ոչ մի օգուտ չի ունենում։
Ճիշտ է ասված, թե ով ամռանը շրջում է կռնեկուռ, ձմռանն ընկնում է դռնեդուռ։ Մենք այնպես պետք է ապրենք, որ մեր կյանքի ձմռանը, այսինքն՝ երկրային կյանքի ավարտին մեր աստվածահաճո ընթացքի շնորհիվ գանձեր ամբարած լինենք երկնքում։ Շատերս այնպես ենք ապրում, կարծես թե մեր երկրային կյանքը վերջ չունի, բայց հաճախ հիշենք մեր մահը, ինչպես նաև հավատքի, բարի գործերի, Սուրբ Գրքի ընթերցանության, հոգևոր արժեքների կարևորությունը, առանց որոնց փրկության չենք հասնի, որպեսզի այս առօրյայի մեջ աշխատենք ոչ միայն մարմնավորի, այլև հոգևորի համար։
Հատված «Քրիստոնեության իսկությունը» գրքից