Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը և Միշել Մատերը հոկտեմբերի 15-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Սթեֆանո Լազզարոտտոյի և Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի ուղեկցությամբ:
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից տեղեկացրին, որ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Նա հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:
Շվեյցարիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ծաղիկներ դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: