Հանդիպում՝ առանց օրակարգի՞. ի՞նչ պայմանավորվեց Լավրովը Միրզոյանի ու Բայրամովի հետ

Երկար դադարից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան հանդիպում կայացավ:

Աստանայում այսօր հանդիպեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը: Քննարկման առանցքում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության՝ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների շրջանակներում, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։ Կարևորվել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման ու վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը՝ նոր ագրեսիաները կանխարգելելու նպատակով։

ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել հանդիպման արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ նախարարներն առարկայական քննարկում են անցկացրել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ, որոնք իրականացնում է եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ: ՌԴ ԱԳՆ համաձայն՝ քննարկվել են նաև Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, ինչպես նաև հասարակության ներկայացուցիչների և երեք երկրների փորձագետների երկխոսության վերաբերյալ հարցեր։ «Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հրավիրել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում:

Պուտինը նշել է, որ դա կարող է լինել ցանկացած քաղաք՝ Սոչի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ՝ «ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ»։

«Ես հաճույքով հրավիրում եմ և՛ Ադրբեջանի ղեկավարին, և՛ Հայաստանի վարչապետին: Դուք կարող եք պայմանավորվել ժամկետի շուրջ, և ինչպես ես հասկացա, այժմ հետաքրքրություն կա՝ հանդիպելու Ռուսաստանում»,- ասել է նա ԱՊՀ գագաթնաժողովում:

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ, դատելով Աստանայում հայ-ադրբեջանական ու ԼՂ հակամարտության թեմատիկային վերաբերող հանդիպման հայտարարություններից և այլ ելույթներից, ՌԴ-ն այս փուլում օրակարգ չունի Հայաստան-Ադրբեջան գործընթացներում, սակայն դեմ չի լինի տեղյակ լինել նրանից, թե ինչ է կատարվում, կամ ինչպես կարող է ՌԴ-ն մասնակիորեն մասնակցել:

«Նույնիսկ դիվանագիտական ձևակերպումները շատ չեզոք ու հերթապահ տեսք ունեն: Տպավորություն է, որ Ռուսաստանն այնքան ընկղմված է սեփական խնդիրների մեջ, որ չի ցանկանում ողջ գործընթացը քաշել իր հարթակ:

Գուցե շաբաթներ անց իրավիճակն այլ լինի, քանի որ իրադարձությունները դինամիկ ընթացք ունեն, սակայն ներկայումս իրավիճակն այդպիսին է: Կամ ՌԴ-ն ունի այլ սցենար, որը հիմա չի բացահայտվում:

Այնուամենայնիվ հանդիպմանը, ինչպես երևում է, որևէ կոնկրետ հարց չի քննարկվել, հաջորդ շփումների վերաբերյալ ևս որևէ հստակություն չկա, ինչը բնական է, քանի որ վերջին բոլոր, ի դեպ, ծանրակշիռ պայմանավորվածությունները Բրյուսելում են: Բայց Ռուսաստանն էլ իր հերթին փորձում է իր համար այս անցումային փուլում պահել իր դիվանագիտական «դեմքը», ինչը լավ չի ստացվում, սակայն փորձում է ցույց տալ, որ չի կորցրել միջնորդական իր բոլոր դիրքերը:

Ի տարբերություն Ռուսաստանի, Արևմուտքը պահը բաց չի թողնում ու ակտիվ աշխատում է»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունները սուր արձագանք ստացան թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի կողմից, և չի բացառվում նաև, որ Ադրբեջանը դեմ լինի, որպեսզի Ֆրանսիան մասնակցի հետագա բանակցային հանդիպումներին Արևմուտքի միջամտությամբ:

«Սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ Արևմուտքն այս հարցով առանձնապես մեծ փորձ չունի, ավելին՝ ՌԴ-Ադրբեջան հարաբերությունները վատ չեն, Արևմուտքն ավելի զգուշավոր պետք է գործի գործընթացը չկորցնելու համար»,- նկատեց նա:

Ըստ նրա, պետք է ուշադրություն դարձնել նաև ավելի լայն աշխարհաքաղաքական կոնտեքստի վրա, ռուս-թուրքական բանակցություններն Աստանայում նոր գազային քննարկումների մասին էին:

«Ռուս-թուրքական համագործակցությունը խորացման միտումներ է ցույց տալիս, ԱՄՆ-ը, որպես առաջնահերթություն, հրաժարվում է միջուկային գործարքից, կենտրոնանալով Իրանի ներքին իրավիճակի վրա, Իրանը փորձում է ավելի հաստատվել Հարավային Կովկասում, և Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունները կարծես այլ հարթակներում են կնքվում, սակայն Իրանի դիրքորոշումն ավելի ու ավելի ընդգծված ու ազդեցիկ է դառնում:

Այսինքն՝ Հարավային Կովկասում հենց ներկայումս ընթանում է աշխարհաքաղաքական վերադասավորում, Ռուսաստանի թուլացող դիրքերը զբաղեցնելու համար պայքար է ընթանում Թուրքիա-Իրան-Արևմուտք եռյակի միջև»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս