«Իբր շատ գոհ ենք, որ տղամարդիկ գնում են, հիմա էլ կանայք գնան 15 օրով, վաբշե աճը կանգնի՞ հայերի»․ քաղաքացիները՝ պարտադիր զինվորական պատրաստություն անցնելու մասին
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Զինված ուժերում կատարվող բարեփոխումներին՝ ասաց, թե բազմաթիվ նամակներ և դիմումներ են ստանում, որոնց միջոցով քաղաքացիները ցանկություն են հայտնում կամավորության սկզբունքով, բայց կարճ ժամանակահատվածում զինվորական պատրաստություն անցնել և հերթապահություն իրականացնել։
Դրանից հետո հայտարարեց՝ այսօր հնարավորություն կա, որ բոլոր կամավորները ներգրավվեն և 25-օրյա զինվորական ծառայություն անցնեն․
«Մարդը դիմում է զինկոմիսարիատ, կամ հիմա ուրիշ բարդ անուն ունի այդ կառույցը, ինքը ներգրավվում է և 25 օրվա գործընթաց է անցնում՝ ծառայություն, պատրաստություն, որից հետո արդեն երկար ժամանակ նրան չենք անհանգստացնի՝ համարելով, որ ինքն այդ պատրաստությունն անցել է»։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ մանրամասնեց, թե ինչպես է կազմակերպվելու հավաքը․
«7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն: Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք: Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլևս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից: Բայց դա լինում է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար»։
Սուրեն Պապիկյանը նաև ասաց, որ Պաշտպանության նախարարությունն արդեն մշակված ծրագիր ունի, իգական սեռի ներկայացուցիչների՝ մարտական պատրաստության ընդգրկելու վերաբերյալ, և, որ այդ մասին շուտով կհայտարարվի։ Փաշինյանն էլ առաջարկեց կանանց դեպքում 25-օրից քիչ ժամանակ սահմանել․
«Կանանց դեպքում կարող ենք դարձնել 15 օր, 7 օր, բայց, երբ ասում ենք՝ բոլորը, բոլորը բոլորն են։
168.am-ն այսօր շրջել է Երևանի փողոցներով, քաղաքացիներից հետաքրքրվել, թե ի՞նչ կարծիք ունեն Կառավարության հավանությանն արժանացած այս նախագծի վերաբերյալ։
«Ողջունում եմ այս առաջարկը։ Եթե պարտադիր դառնար աղջիկների ծառայությունը, շատ մեծ սիրով կգնայի կզինվորագրվեի․․․»,- ասաց երիտասարդ մի աղջիկ։
«Կարծում եմ՝ այս Կառավարությունը չի կարողանա ոչ նորմալ 25-օրյա հավաքը կազմակերպի, ոչ՝ եռամսյան, ինձ թվում է՝ տարբերություն չկա, ոնց եռամսյան է կազմակերպում, նույն ձև էլ 25-օրյան է կազմակերպելու»,- ասաց հարցված քաղաքացիներից մի տղամարդ։
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Կառավարության աշխատանքի նկատմամբ թերահավատությունը, պատասխանեց՝ փորձը, իրականությունը։
Ի տարբերություն երիտասարդների, տարեց մի կին այսպես արձագանքեց Կառավարության առաջարկած այս նախագծին․
«Իբր շատ գոհ ենք, որ տղամարդիկ գնում են, հիմա էլ կանայք 15 օրով գնան, վաբշե աճը կանգնի՞ հայերի։ Մի խոսքով՝ ոչ մի ուրախալի բան չկա, ոչ մի սպասելի բան չկա․․․»։
Մեկ այլ քաղաքացի էլ այսպես արտահայտվեց Կառավարության և նրա աշխատանքի մասին․
«Չե՛նք հետաքրքրվում Կառավարությունով, որովհետև չկա Կառավարություն․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում