Բաժիններ՝

Ինչո՞ւ Երևանին մոտ մարզերում քննական կենտրոններ չեն ձևավորվել. ԳԹԿ պարզաբանումը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հեռակա ուսուցման քննական կենտրոնների ցանկը:

Քննական կենտրոնները 16-ն են՝ 6-ը՝ մարզերում, 10-ը՝ մայրաքաղաքում: Երևանում՝ թիվ 46 ավագ դպրոց, թիվ 57 հիմնական դպրոց, թիվ 118 ավագ դպրոց, թիվ 135 հիմնական դպրոց, թիվ 155 հիմնական դպրոց, թիվ 168 հիմնական դպրոց, թիվ 200 հիմնական դպրոց, թիվ 170 ավագ դպրոց, թիվ 189 ավագ դպրոց, թիվ 190 ավագ դպրոց:

Գեղարքունիքում՝ Գավառի թիվ 5 ավագ դպրոց, Շիրակում՝ Գյումրու թիվ 21 հիմնական դպրոց, Լոռիում՝ թիվ 5 ավագ դպրոց, Տավուշում՝ Իջևանի ավագ դպրոց, Սյունիքում՝ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց, և Կապանի թիվ 6 հիմնական դպրոց:

Քաղաքացիներից շատերին հետաքրքրում է, թե, օրինակ, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերի դիմորդները որտեղ պետք է քննություն հանձնեն:

Կարդացեք նաև

Խնդրի հետ կապված Գնահատման ու թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց. «Երևանին մոտ մարզերում քննական կենտրոններ չեն ձևավորվել՝ ելնելով նրանից, որ այդ մարզերում բուհեր կամ բուհերի մասնաճյուղեր չկան: Ըստ այդմ, դիմորդը, անկախ նրանից՝ որ մարզի բնակիչ է, կամ մարզի՞, թե՞ մայրաքաղաքի հաշվառում ունի, հեռակայի համար քննություն հանձնելու է այն մարզի քննական կենտրոնում, որտեղ այդ բուհն է: Օրինակ, եթե շիրակցին դիմում է Սյունիքի մարզի որևէ բուհ, նա քննությունը հանձնելու է Գորիսի կամ Կապանի քննական կենտրոնում, եթե երևանցի մեկը դիմում է Գավառի պետհամալսարան, ինքը Գավառում էլ հանձնելու է քննությունը»:

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին տեղի կունենա քննություն՝ «Քիմիա», «Ռուսաց լեզու» առարկաներից, հոկտեմբերի 22-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», 23-ին՝ «Մաթեմատիկա», 25-ին՝«Օտար լեզուներ», 26-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», իսկ ահա հոկտեմբերի 27-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից:

Հեռակա ուսուցման ընդունելության քննություններն այս տարվանից կազմակերպում և անցկացնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը:

Համաձայն ընդունելության դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների (կրթական ծրագրերի) վճարովի մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։

Դիմորդները կարող են պահպանել տվյալ տարվա միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատականները` իրենց ցանկությամբ:

Հեռակա ուսուցմամբ բուհ ընդունված դիմորդների ցուցակները հաստատվում են մինչև հոկտեմբերի 30-ը:

Տեսանյութեր

Լրահոս