Սիսիանում համայնքապետ ընտրվեց ՔՊ-ի թեկնածուն՝ Արմեն Հակոբջանյանը
Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանին այսօր անդրանիկ նիստում համայնքապետ ընտրեց։ Առաջադրվեց երեք թեկնածու՝ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքից՝ Սևակ Մուսաթյանը, «Աշխատանք և Արդարություն» կուսակցությունների դաշինքից՝ Հայկ Առաքելյանը, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը: Ընտրությունների առաջին փուլում առավելագույն ձայն հավաքեցին Հայկ Առաքելյանը և Արմեն Հակոբջանյանը։
Քվեարկության երկրորդ փուլում «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքից՝ Սևակ Մուսաթյանը, դիմելով «Աշխատանք և Արդարություն» կուսակցությունների դաշինքից՝ Հայկ Առաքելյանին, հետաքրքրվեց, թե դաշինքում ներառված կուսակցություններն ո՞ւմ են պատկանում։
«Ասեք, որ դուք չեք առնչվում այդ կուսակցությունների հիմնադիրների հետ, և ընտրվելու պարագայում՝ հստակ ասեք, որ պատրաստակամ եք աշխատելու ներկայիս իշխանությունների հետ և որևէ հարց չունենք ասոցիացվող նախկինների հետ, եթե հրապարակային հայտարարում եք, ապա կարող ենք քվեարկությունը շարունակել։ Ինձ համար մութ է, ես չեմ կարող ինձ համար մութ ուժի ձայնս տալ»,- նշեց Սևակ Մուսաթյանը։
Ի դեպ, այսօր, ավագանու նիստի մեկնարկին նույն Սևակ Մուսաթյանը հայտարարել էր.
«Մեր ավագանուց պահանջում եմ վեր կանգնել անձնականից և մի կողմ դնել թշնամանքը, զգում եմ՝ կարծես թե անձնական թշնամանք կա, թեկուզ թաքնված։ Մենք այստեղ ենք եկել համայնքի համար, մի կողմ դնենք ամեն ինչ։ Այստեղ ով կանք, բոլորս էլ նախկին ենք, բոլորս էլ ներկա ենք։ Մենք ինչ անելու ենք, անելու ենք Սիսիանի համար, այստեղ ոչ Նիկոլ Փաշինյանն է գալու կառավարի, ոչ, առավել ևս, Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Այստեղ կառավարելու ենք այսքանով»,- այդ պահին գուցե անկեղծացել էր Սևակ Մուսաթյանը։
Հավանաբար անկեղծ էր նաև, երբ ասում էր, թե սա իր կյանքի ամենամեծ ընտրությունն է, բացի ամուսնությունից։
Այդուհանդերձ, գործընկերոջ հարցին պատասխանելով՝ Հայկ Առաքելյանը վստահեցրեց, որ անձամբ որևէ կուսակցության մեջ չի եղել, անկուսակցական է։
«Մենք որևէ ուժի հետ կապ չունենք»,- հայտարարեց Հայկ Առաքելյանը։
Այդուամենայնիվ, Սևակ Մուսաթյանին կարծես չհաջողվեց հետևել իր պահանջին ու վեր կանգնել անձնականից, չկարողացավ մի կողմ դնել նախկին-ներկա հասկացությունը:
Եվ երկրորդ փուլի քվեարկության արդյունքներով Հայկ Առաքելյանը ստացավ՝ 7, իսկ Արմեն Հակոբջանյանը՝ 9 ձայն, արդյունքում համայնքապետ ընտրվեց ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանը։
Հիշեցնենք, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը նիստում հայտարարեց, որ համայնքապետի թեկնածու չի առաջադրի, իսկ ավագանու նիստին չէր մասնակցում «Ապրելու երկիր» կուսակցությունը։