«Այստեղ ով կանք, բոլորս էլ նախկին ենք, բոլորս էլ ներկա ենք». Սիսիանում ավագանին համայնքապետ է ընտրում

Սեպտեմբերի 25-ին Հայաստանում տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների՝ ՏԻՄ  ընտրություններից հետո, այսօր Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանին համայնքապետ է ընտրում։

ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Մեկ Հայաստան» կուսակցությունը նիստի ընթացքում հայտարարեց, որ համայնքապետի թեկնածու չի առաջադրի, իսկ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքն առաջադրեց Սևակ Մուսաթյանի թեկնածությունը։

«Աշխատանք և Արդարություն» կուսակցությունների դաշինքն առաջադրեց Հայկ Առաքելյանի թեկնածությունը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Սիսիանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն է։

Ավագանու նիստին չէր մասնակցում «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Կարդացեք նաև

Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքի թեկնածու Սևակ Մուսաթյանը ելույթ ունեցավ ավագանու նիստի ընթացքում և տեղեկացրեց, որ երկու թեկնածու չեն առաջադրվել, քանի որ հավանաբար իմացել են, որ համայնքապետ ընտրվելու համար իրեն պետք է շնորհավորեն։

«Երկու թեկնածուներ զավակներ են ունեցել, երկուսին էլ շնորհավորում եմ։ Մեր ավագանուց պահանջում եմ վեր կանգնել անձնականից և մի կողմ դնել թշնամանքը, զգում եմ՝ կարծես թե անձնական թշնամանք կա, թեկուզ թաքնված։ Գալիս ես, մարդիկ հայացքները փախցնում են, բայց մենք տասնյակ տարիներ այստեղ ապրել ենք և վաղն էլ ապրելու ենք։ Մենք այստեղ ենք եկել համայնքի համար, մի կողմ դնենք ամեն ինչ։ Ամենաքիչ մանդատները մենք ունենք, բնականաբար, պետք է լինի կոլեգիալ կառավարում, և ես հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանուն խնդրում եմ ձայնը տալ ինձ, ինչպես ռուսը կասեր՝ գործը չհետաձգել, և դրանով «արկղը» կփակվի»,- նշեց Սևակ Մուսաթյանը։

Շարունակելով խոսքը, Սիսիանի համայնքապետի թեկնածուն նաև հորդորեց, որ մի կողմն դնեն ամեն ինչ, չասեն՝ նախկին ու ներկա.

«Այստեղ ով կանք, բոլորս էլ նախկին ենք, բոլորս էլ ներկա ենք։ Մենք ինչ անելու ենք, անելու ենք Սիսիանի համար, այստեղ ոչ Նիկոլ Փաշինյանն է գալու կառավարի, ոչ, առավել ևս, Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Այստեղ կառավարելու ենք այսքանով»,- հավելեց նա։

Հայկ Առաքելյանն էլ հակիրճ ասաց, որ ապագա ծրագիրը չի ներկայացնի, քանի որ իրենց ընտրողներն արդեն ծանոթացել են նախընտրական ծրագրին և դրա համար ձայն տվել իրենց, ինչի համար շնորհակալ է։

Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն էլ իր խոսքում հույս հայտնեց, որ ավագանին մի կողմ կթողնի քաղաքական ենթատեքստ պարունակող բոլոր մոտեցումները և որոշումները կկայացնի միայն ի շահ Սիսիանի։

Տեսանյութեր

Լրահոս