Նուման Քուրթուլմուշ․ «Հունաստանը պիտի խելքը գլուխը հավաքի»
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը CNN Türk հեռուստաընկերության ուղիղ եթերում խոսել է թուրք-հունական հարաբերություններից։
Քուրթուլմուշը նշել է, որ Հունաստանն ընդհուպ մինչև «Դեդեաղաչի» շրջան (հունարեն՝ Ալեքսանդրուպոլի) Կրետե կղզում տասնյակ ռազմաբազաներ է կառուցել, և երբ այդ մասին հարցնում են, հունական կողմը պատասխանում է, թե բազաներն օգտագործելու են Ռուսաստանի դեմ։
«Դրանք քայլեր են, որ մեծացնելու են լարվածությունը Էգեյան և Միջերկրական ծովերում։ Հունաստանը պիտի խելքը գլուխը հավաքի»,- նշել է նա։
Անդրադառնալով Կիպրոսի հիմնախնդրին՝ Քուրթուլմուշը մեղադրել է ԱՄՆ-ին երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։ Նա շեշտել է, որ փորձելու են հասնել այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» ճանաչմանը և ընդգծել է․
«Եթե խոսում ենք միջազգային իրավունքից, Կիպրոս կզու երաշխավոր երկրներից մեկը Թուրքիան է։ ԱՄՆ-ն Կիպրոսի համար երաշխավոր երկի՞ր է։ Այդ դեպքում ի՞նչ գործ ունի այնտեղ։ Հարավային կողմին զինելու փոխարեն, թող ինչ-որ բաներ ասի, որ կլուծի երկու կողմերի միջև առկա խնդիրը»։