Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի խումբ գործարարների և պաշտոնյաների նկատմամբ

Նոր Զելանդիան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ պատժամիջոցների ցուցակի մեջ ավելացրել է Ռուսաստանից 51 գործարարների, 24 պաշտոնյաների, որոնք կապված են ՌԴ-ին տարածքներ միացնելու հետ, եւ ռուսաստանյան երկու ընկերությունների:

Նորացված ցուցակի համաձայն, որը հրապարակվել է երկրի ԱԳ նախարարության կողմից, պատժամիջոցների տակ են հայտնվել «Գազպրոմբանկ»-ի կառավարման նախագահ Անդրեյ Ակիմովը, «Լուկօյլ»-ի նախկին գլխավոր տնօրեն Վագիտ Ալեքպերովը, «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության կառավարման նախագահ, «Վնեշէկոնոմբանկ»-ի նախագահ Սերգեյ Գորկովը, Mercury group-ի սեփականատեր եւ նախագահ Իգոր Կեսաեւը:

Իր հերթին Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Նանայա Մահուտան իր հայտարարության մեջ, որը մեջբերում է 1news հեռուստաալիքը, հատկապես նշել է, որ պատժամիջոցների տակ է հայտնվել նաեւ Evraz Group-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Աբրամովը, որը «կապեր ունի Նոր Զելանդիայի հետ»:

Նրա խոսքով՝ Աբրամովի եւ նրա ընտանիքի անդամների վրա կդրվի ուղեւորության արգելք, իսկ նրա ինքնաթիռներին եւ նավերին կարգելվի մտնել մեր օդային տարածք եւ նավահանգիստներ:

Նաեւ, Նոր Զելանդիայի հրապարակած ցուցակի համաձայն, պատժամիջոցների տակ են հայտնվել Խերսոնի մարզի կառավարության նախագահ Վլադիմիր Բեսպելովը, Զապորոժիեի մարզի կառավարության ղեկավար Անտոն Կոլցովը, ինչպես նաեւ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերի մի շարք պաշտոնյաներ:

Բացի այդ, նորացված պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել են «Գոզնակ» բաժնետիրական ընկերությունը եւ « ИМА-կոնսալտինգ» PR-գործակալությունը:

«Մեր պատժամիջոցների նպատակն է՝ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, այլ ոչ թե պատժել անմեղ նորզելանդացիներին»,- նշել է Մահուտան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս