«ԵՄ-ի առաջնային խնդիրը ձմռանը նախապատրաստվելն է, բայց դա չի նշանակում՝ Ադրբեջանի դեմ սանկցիաներն անհնար են. ՀՀ-ն պետք է աշխատի». Լևոն Գևորգյան

Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը կարծում է՝ առնվազն մի քանի դեպքեր կան, երբ ողջամիտ հիմքեր կան պնդելու, որ առկա են զիջումների վերաբերյալ ինչ-որ խոստումներ:

«Սա իմ վերլուծությունը չէ: Մի քանի հոդված հրապարակվեց առնվազն Լաչինի միջանցքի համատեքստում: Առավել քան ակնհայտ էր, որ կա ինչ-որ խնդիր այն պատճառով, որ եթե շինարարական աշխատանքներն իրականացվում են ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո, սակայն այն տարածքները, որոնք դեռևս հայկական կողմի վերահսկողության ներքո են, ի թիվս այլոց, բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս է դա դարձել իրականություն»,- վերաբերելի օրինակը բերեց միջազգային իրավունքի մասնագետը 168.am«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում:

Ըստ նրա՝ եթե ադրբեջանական կողմին այս հնարավորությունը տրվել է, ուրեմն կարելի է ողջամտորեն ենթադրել, որ եղել է ինչ-որ պայմանավորվածություն:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի պատերազմական հանցագործությունների իրավական գնահատականին, Լևոն Գևորգյանը կարծում է՝ Հայաստանը պետք է օգտվի բոլոր իրավական գործիքակազմերից:

«Խոսքը միջազգային քրեական դատարանի կանոնադրության Հռոմի ստատուտների մասին է: ՀՀ-ի Սահմանադրական դատարանի առջև իրականում 2000-ականներին Հռոմի ստատուտի վավերացման խնդիրը բարձրաձայնվել է: Այն ժամանակ Հայաստանը վերապահում է ունեցել այն պարզ պատճառով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ արդարադատությունը Հայաստանում իրականացնում են միայն հայ դատարանները: Սա մի խնդիր է, որը կրկին անլուծելի խնդիր չէ, որովհետև հնարավոր է իրականացնել համապատասխան աշխատանք, եթե անգամ անհրաժեշտ է, նաև սահմանադրական փոփոխություններ: Մենք տեսել ենք, որ մեզանում սահմանադրական փոփոխությունները շատ արագ իրականացվում են, երբ դրա կարիքը կա»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Ըստ նրա՝ բայց անգամ, եթե վավերացումը ժամանակատար երևույթ է, Հռոմի ստատուտը նախատեսում է նաև իրավազորությունն ընդունելու ընթացակարգ՝ առանց վավերացման:

«Դա նշանակում է, որ միջազգային քրեական դատարանն իրավազորություն է ձեռք բերում այն հանցագործությունների նկատմամբ, որոնք իրականացվել են ՀՀ տարածքում կամ ՀՀ քաղաքացիների կողմից: Հիմա մենք գործ ունենք փաստացի հանցագործությունների հետ, որոնք իրականացվում են ՀՀ տարածքում: Խոսքը ոչ միայն ռազմական հանցագործությունների մասին է, այլ նաև ագրեսիայի հանցագործության»,- ասաց Լևոն Գևորգյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր հանգամանք է այն, որ միջազգային իրավունքում ռազմական հանցագործությունների համատեքստում օգտագործվում է, այսպես կոչված, «հրամանատարական պատասխանատվության սկզբունքը»:

«Դա նշանակում է, որ պատասխանատու են ոչ միայն այն կոնկրետ զինվորները, որոնք իրականացնում են հանցագործությունը, այլ նաև հրամանատարական շղթայով մինչև վեր բոլոր այն պաշտոնյաները, ովքեր իմացել են, հրահրել են: Խոսքն ի թիվս այլոց, նաև պետության գլխի մասին է, ով Սահմանադրության համաձայն՝ գերագույն գլխավոր հրամանատարն է, ինչն ունենք Ադրբեջանի պարագայում: Թե ինչո՞ւ չի արվել, պատկերացում չունեմ»,- ասաց Լևոն Գևորգյանը:

Միջազգային իրավունքի մասնագետի դիտարկմամբ՝ երկրորդ խնդիրը, որ ՀՀ-ն վաղուց պետք է աներ, միջպետական քրեական համագործակցության մեխանիզմների գործադրումն է:

«Եթե մենք գործ ունենք ռազմական հանցագործությունների հետ, նշանակում է՝ մենք գործ ունենք մի խումբ խախտումների հետ, որոնք Ժնևի կոնվենցիաներով ընկնում են ընդհանուր իրավազորության ներքո: Դա նշանակում է, որ ՀՀ-ն երկկողմ բանակցությունների միջոցով կարող է  իր գործընկեր-պետություններին ներկայացնել ցանկը անհատների, ովքեր գտնվում են քրեական հետապնդման մեջ, և ակնկալել այդ անհատների նկատմամբ որոշակի սանկցիաներ, ինչո՞ւ ոչ, նաև քրեական գործերի բացում, եթե այդ անձինք հայտնվում են տվյալ պետությունների տարածքում, ինչը կոնվենցիոն պարտավորություն է, որը բխում է Ժնևի 4 կոնվենցիաներից»,- ասաց Լևոն Գևորգյանը:

Վերջինս կարծում է՝ Հայաստանն այստեղ որոշակի տնային աշխատանք ունի անելու, և ամենակենտրոնական խնդիրն այն է, որ, օրինակ, ՀՀ Քրեական դատավարության օրենսդրությունը անձի բացակայության պայմաններում դատարաններին վճիռ կայացնելու հնարավորություն չի տալիս, բայց այս խնդիրն օրենսդրական բարեփոխումների միջոցով կարելի էր օր առաջ անել, օրինակ՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո:

«Դա չի արվել: Ինչո՞ւ չի արվել, ես այդ հարցի պատասխանը չունեմ: Տարոն Սիմոնյանը Խորհրդարանում նույնպես խոսել է այս մասին: Որևիցե բան չի արվել: Այո, մենք ունենք քրեական գործեր, բայց համապատասխան օրենսդրական սահմանափակումների միջոցով այդ քրեական գործերը որևէ ֆունդամենտալ, բովանդակային հեռանկար չեն ապահովելու»,- ասաց Լևոն Գևորգյանը՝ հավելելով, որ ցանկալի արդյունքի հասնելու համար ՀՀ-ն թե պետք է օրենսդրությունը փոխի, և թե աշխատի միջազգային գործընկերների հետ:

Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ միայն այդ համատեքստում է, որ կարելի է ակնկալել, որ կլինեն պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, այլ երկրների տարածքներում ադրբեջանցիների հետ կապված քրեական գործընթացներ:

«Եթե մեր քաղաքական և կենսական շահերը չեն համընկնում այլ պետությունների կենսական շահերի հետ, և մենք միջազգային հանրությունից չենք ստանում այն աջակցությունը, որ ստանում են Կոսովոն և Ուկրաինան, պետք է այդ շահերի համար պայքարենք, այլ ոչ թե բողոքենք միջազգային կարգերից ու միջազգային հանրությունից: Դրա համար կան կոնկրետ գործընթացներ, դրա համար պետք է կատարել կոնկրետ աշխատանք՝ իրավական և լոբբիստական»,- ասաց Լևոն Գևորգյանը:

Նա նշեց՝ այո, ԵՄ-ն, որպես այդպիսին, առաջին հերթին տնտեսական կառույց է, և տրամաբանական է ակնկալել, որ ԵՄ-ն չի խոսելու լուրջ պատժամիջոցների մասին այսօրվա՝ հատկապես միջազգային համատեքստում, երբ ԵՄ-ի առաջնային խնդիրը ձմռանը նախապատրաստվելն է:

«Բայց դա չի նշանակում, որ սանկցիաներն անհնար են: Դրա համար, ինչպես ասացի, Հայաստանը պետք է աշխատի: Նույն Նիդեռլանդների օրինակը հիշենք: 44-օրյա պատերազմի ժամանակ Նիդեռլանդներն այնտեղի հայ համայնքի և սեփական նախաձեռնությամբ սառեցրել էին Ալիևի ընտանիքի հաշիվները: Սա այն բացառիկ օրինակներից է, որ Հայաստանն ունի իր ձեռքի տակ այն առումով, որ աշխատանքը տալիս է արդյունք: Պարզապես պետք է աշխատել»,- եզրափակեց Լևոն Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս