Բջջային հեռախոս՝ տորթի մեջ, փաթեթ՝ տեսակցողի բերանում, USB լար, ԱԹՍ. Ա—ն՝ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի մասին
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ:
Արդարադատության նախարարությունը ներկայացնում է սեպտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը:
Այսպիսով, «Արթիկ» ՔԿՀ-ի 3-րդ դիտաշտարակի ծառայողի կողմից զեկուցվել է, որ արտաքին արգելագոտու կողմից բնակելի գոտուն է մոտենում հեռակառավարվող անօդաչու թռչող սարք (դրոն)։ Ձեռնարկված գործողությունների արդյունքում ծառայողները քրեակատարողական հիմնարկից մոտ 200 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, որը հեռակառավարման վահանակով կառավարել է անօդաչու թռչող սարքը։ Քաղաքացին, տեսնելով իրեն մոտեցող ծառայողներին, դիմել է փախուստի, իսկ անօդաչու թռչող սարքն ընկել է ավտոճանապարհի հարակից հատվածում։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնում կազմվել է արձանագրություն, անօդաչու թռչող սարքն առգրավվել է ոստիկանության ծառայողների կողմից։ Զննությամբ պարզվել է նաև, որ թռչող սարքին ամրացված է եղել 3 բջջային հեռախոս։
«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները անվտանգության ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի համար բերված հանձնուքը, որում առկա տորթի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոս:
«Գորիս» ՔԿՀ-ի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի համար որպես հանձնուք բերված սառնարանը, որի ստորին հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսի լիցքավորիչներ և մարտկոց, USB լար, ականջակալներ, բաժանորդային քարտեր:
«Արմավիր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները տարբեր դեպքերով զննության են ենթարկել դատապարտյալների մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացիներին: Արդյունքում՝ անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհուն զննության ենթարկելիս, նկատել են, որ վերջինիս այտն անբնական այտուցված է: Ծառայողների պահանջով քաղաքացուհին իր բերանից հանել է փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 4,49 գրամ քաշով մուգ շագանակագույն առանձնացված զանգվածներ:
Տեսակցության եկած քաղաքացիներից մեկի մոտ հայտնաբերվել է մաստակով պատված փաթեթ՝ սպիտակ, բյուրեղանման զանգվածով:
Վերոնշյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հսկիչ տրանսպորտային կետում զննության են ենթարկել քաղաքացուն պատկանող Ford Transit մակնիշի ավտոմեքենան, որի ձախ անվադողի վերևի հատվածում թաքցված է եղել մագնիսով ամրացված 2 փաթեթ, որոնցում հայտնաբերվել են բյուրեղանման, մեթամֆետամին տեսակի և շագանակագույն, հերոին տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ, ինչպես նաև բջջային հեռախոսի աքսեսուար և 1 wi-fi սարք։
Մեկ այլ դեպքով՝ «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողներն զննության են ենթարկել կալանավորված անձին ուղղարկված հանձնուքը, որի արդյունքում շաքարավազի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող դարչնագույն զանգված։
Վերը թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ: