Իրավիճակը կարող է պայթել. հայ ազգը կարող է մի ժամում հավաքվել. Կիվիրյան

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում այսօր կայացավ ԵՄ ոչ պաշտոնական Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին Հայաստանից մասնակցում էին Նիկոլ Փաշինյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ադրբեջանից՝ Իլհամ Ալիևը, Թուրքիայից՝ այդ երկրի նախագահը, Արտաքին գործերի նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ինչպես երեկ Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ինքը Պրահայում հանդիպելու է Ալիևի, Էրդողանի հետ, որից հետո կայանալու էր քառակողմ հանդիպում՝ Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև։

Ինչպես հայտնի դարձավ գագաթնաժողովի մեկնարկից առաջ միջանցքում կատարված լուսանկարներից, Փաշինյանը, նախարար Արարատ Միրզոյանը սեղանի շուրջ զրուցում են Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների, այդ երկրների ԱԳ նախարարների հետ, որին մասնակցում էր նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Հայտնի չէ, սակայն, թե ինչ թեմայի շուրջ էին զրուցում մասնավորապես երեք երկրների ղեկավարները:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը կոչ արեց Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի հանդիպումը դիտարկել Փաշինյանի՝ ավելի վաղ արած հայտարարության խմբագրված տարբերակի համատեքստում.

Կարդացեք նաև

«Փաշինյանը գնում է մի մոդելով, որով առաջարկվող լուծումը կբավարարի միայն ադրբեջանական ժողովրդին. հենց այս համատեքստում պետք է նայեք այս հանդիպմանը։ Փաշինյանն Ալիևի և Էրդողանի հետ համատեղ ուժերով իրավիճակը կգնահատեն՝ կփորձեն հասկանալ՝ հայ ազգը հասե՞լ է արդյոք այն վիճակին, որ ստորագրեն այդ խաղաղության պայմանագիրը, թե՞ դեռ պետք է հայ ազգին պահել տագնապի մեջ ու շարունակել ազգի դիմադրողականության ոգու ջախջախումը»,- ասաց Կիվիրյանը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Փաշինյան-Ալիև-Էրդողան տրիոն իրենց պլանն իրագործում են այն ժամանակահատվածում, երբ Ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ խիստ թուլացած են Ռուսաստանի դիրքերը։

«Ըստ ուկրաինական ռազմաճակատում արձանագրած պատկերի՝ Ռուսաստանի դիրքերը թուլացած են։ Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ այդ տերության դիրքերի թուլացման պարագայում Հայաստանում ուժեղանալու է թուրք-ադրբեջանական ճնշումը, ինչը հիմա և կատարվում է»,- ասաց Կիվիրյանը։

Վերլուծաբանի փոխանցմամբ՝ Ռուսաստանի այս պահի թուլությունը հաշվի առնելով՝ Ադրբեջանը կարող է հայկական հողի վրա շատ ավելի առաջ գնալ ռազմաճակատում, բայց չի գնում՝ անում է մի քայլ առաջ ու կանգնում՝ ստուգելու համար՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Թեհրանի կարմիր գծերը։

«Այն, որ Ադրբեջանը ռազմական առումով Արցախից ու Հայաստանից ավելին չի վերցնում, դա նշանակում է, որ անգամ այդ թուլացած վիճակում Մոսկվան կարողացել է իրավիճակը զսպել. մինչ այս պահը կարողացել է, թե ի՞նչ կլինի հետո, չեմ կարող ասել»,- ընդգծեց Կիվիրյանը։

Ըստ նրա՝ եթե Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանում ստուգում են Իրանի և Ռուսաստանի կարմիր գծերը, ապա Հայաստանի և Արցախի ներսում Փաշինյանը ստուգում է հայ ժողովրդի կարմիր գծերն ու փորձում հասկանալ, թե որքա՞ն իրեն թույլ կտան հանձնել։

«Հայ ազգը հայտնվել է թակարդում. մի կողմից՝ մենք ունենք թյուրիմացություն իշխանություն, մյուս կողմից՝ այս պահի դրությամբ չունենք այս իշխանությունը հեռացնելու իրավիճակ, բայց այս պահին չունենք, վաղը կարող է իրավիճակը պայթել. հայ ազգը կարող է մի ժամում հավաքվել ու պայթել, այս վերջին ինքնաբուխ հավաքը հենց դա ցույց տվեց, ուստի պետք է այս հանգամանքը հաշվի առնել։ Այս թակարդից դուրս գալու թիվ մեկ պայմանն է Լևոն Տեր-Պետրոսյանի ասած «ազգակործան պատուհասից» ազատվելը, ինչից հետո կգա սթափ մարդ, և հնարավոր կլինի այդ ժամանակ հավաքել իրական պատկերն ու հասկանալ, թե ինչ է պետք անել»,- ասաց Կիվիրյանը՝ ընդգծելով՝ անելիքները հասկանալու համար Փաշինյանից հետո եկողը պետք է հասկանա հետևյալը.

«Պետք է պարզել՝ առաջին՝ ինչպիսի՞ փաստաթղթերն են քննարկվում, երկրորդ՝ Հայաստանն ինչպիսի՞ ռեսուրսներ ունի. մեզ իրական տվյալներ են պետք, երրորդ՝ տարածաշրջանային ի՞նչ զարգացումներ կան. այս երեք կարևոր հարցերի պատասխանները մինչև հիմա չունենք, որովհետև Փաշինյանը փութաջանորեն թաքցնում է, իսկ դա ունենալու դեպքում հնարավոր կլինի նաև լուծումներ գտնել»,- ասաց Կիվիրյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս