Պահանջվում է հայկական լուծում

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ղեկավարում է «մեկ պատուհանի» սկզբունքով, որի իմաստն այն է, որ բավարարում է արտաքին բոլոր խաղացողների պահանջները։ Տարբեր խորությամբ, տարբեր հաճախակիությամբ, բայց բավարարում է։ Նա գործնականում տալիս է այն, ինչ իրենից պահանջում են։ Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ նա, դիմադրելով կամ ոչ, այլոց տալիս է իրեն չպատկանողը՝ Արցախը, Հայաստանի տարածքները, ինքնիշխանությունը, ճանապարհները, և այդպես շարունակ։

Պատրաստակամորեն հանձնելով պետությունից ու հասարակությունից պահանջվող ամենայնը, Նիկոլ Փաշինյանը գերնախանձախնդիր է հատկապես ու առանձնապես սեփական իշխանության պահպանման հարցում։ Բայց հանձնելու նրա պատրաստակամությունը հակադարձ համեմատական կապի մեջ է գտնվում սեփական իշխանության պահպանման խնդրի հետ, այսինքն՝ գոնե ըստ իրեն, որքան ավելի շատ է հանձնում, այնքան ավելի ամուր է դարձնում իր իշխանությունը։

«Հանձնել Հայաստանը՝ իշխանությունը պահպանելու համար». գործնականում սա է այն ալգորիթմը, որով գործում է Նիկոլ Փաշինյանը, որը՝ առաջնորդվելով այսրոպեական, իրավիճակային սկզբունքով, առանձնապես չի մտահոգվում, որ ինչ-որ պահի իր իշխանությունը դառնալու է անիմաստ՝ իշխանության օբյեկտի բացակայության պատճառով։

Գոյաբանական ճգնաժամը, որում այսօր գտնվում է Հայաստանը, ունի բազմաթիվ լուծումներ։ Դրանք տարբեր են իրենց ծագման աղբյուրներով ու շահառուների ցանկով։ Կան ադրբեջանական, թուրքական, ռուսական, արևմտյան, իրանական և այլ լուծումներ, որոնցից յուրաքանչյուրը Նիկոլ Փաշինյանը կարող է նախընտրել՝ կախված իրավիճակից և հանգամանքներից։ Բոլոր թվարկված և չնշված լուծումների շարքում բացակայում է հայկական լուծումը, իրավիճակից այնպիսի ելքը, որը բավարարում է Հայաստանի ու հայ հասարակության շահերը։

Բացակայում է ոչ միայն օբյեկտիվ՝ աշխարհաքաղաքական պատճառներով, այլ նաև՝ որովհետև հայկական շահերով առաջնորդվող ու հայկական լուծում որոնող սուբյեկտ գործնականում չկա։ Որովհետև հանուն իշխանության ամեն ինչ հանձնելու ալգորիթմը, որն ընկած է Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքում, օբյեկտիվորեն հակամետ է հայկական շահերին։ Նա՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում, պաշտպանում է ոչ թե հայկական՝ պետական, այլ սեփական՝ իշխանական շահը այն դեպքում, երբ վերջինը հնարավոր է բավարարել միայն առաջինի հաշվին։

Գոյաբանական ճգնաժամը, որում գտնվում է հայկական պետությունն ու հասարակությունը, պահանջում է նախ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու հայկական լուծում և այդ լուծումն իրականացնելու պատրաստ առաջնորդություն՝ իշխանություն, անհատ, քաղաքական-քաղաքացիական խմբեր։

Իրավիճակից ելքի հայկական լուծման շրջանակներում անհրաժեշտաբար պետք է տեղ ունենա Նիկոլ Փաշինյանի անվտանգության երաշխիքների հարցը, որը նա մինչև այս պահը փնտրում է օտարածին բոլոր լուծումներում՝ հասկանալով կամ ոչ, որ դրանք այնքան անիրական են, որքան պատերազմով ուղեկցվող իր սեփական «խաղաղության օրակարգը»։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31