«Պարոն նախագահ, դուք սխալ եք կամ լավատես»․ Ռուբեն Մելքոնյանը՝ Լևոն Տեր–Պետրոսյանին
Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարոն նախագահ, դուք սխալ եք կամ լավատես․․․
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին և հավանական զարգացումներին՝ նշել է. «Հայ-թուրքական հաշտության պայմանագիրն, ըստ էության, շատ չի տարբերվելու Դավութօղլուի և Նալբանդյանի միջև 2009 թ. հոկտեմբերի 10-ին կնքված Ցյուրիխյան արձանագրություններից»:
Ինչպես 2009-ին, այնպես էլ հիմա կարծում եմ, որ.
– հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրությունները «կառուցողական երկիմաստություն» պարունակող տեքստեր են, որոնք հայկական դիվանագիտության հաջողություններից կարելի է համարել,
– արձանագրությունների տեքստում Հայաստանի համար որևէ կարմիր գծի հատում չկա. ո՛չ Արցախի հարց, ո՛չ Հայոց ցեղասպանության հարց, ո՛չ Կարսի պայմանագիր տերմիններ չկան,
– այդ արձանագրությունները Թուրքիայում առաջացրել էին ինչպես իշխանություն-իշխանություն լարվածություն (վարչապետ Էրդողանի և նախագահ Գյուլի հայտարարություններն ու քայլերը ակնհայտ իրար հակադիր էին), այնպես էլ իշխանություն-ընդդիմություն բախում:
Հայաստանի ներկայիս դիվանագիտության ձեռքբերումները, հնարավորությունները, կարգավիճակը, մեղմ ասած, զրոյական են և ուղղակի համեմատելու եզրեր չկան 2008-2009 թվականների հետ:
Այնպես որ՝ պարոն նախագահ, կարծելով, որ հիմա Հայաստանը կարող է Թուրքիայի հետ 2009 թ. փաստաթղթի նման փաստաթուղթ ստորագրել՝ Դուք կամ սխալվում եք, կամ Ձեզ համակել է լավատեսության զգացում, որն այնքան բնորոշ չէ Ձեր կերպարին»: