Կինոօպերատոր Լաերտ Պողոսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալով
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոօպերատոր Լաերտ Պողոսյանի 90-ամյակը նշանավորվել է վարպետին նվիրված հոբելյանական երեկոյով, որը տեղի է ունեցել Հայաստանի կինոգործիչների միության տանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոյի ոլորտի ներկայացուցիչներ, արվեստագետներ, մտավորականներ, վարպետի տարբեր տարիների ուսանողներն ու գործընկերները:
Մեծարման երեկոն մեկնարկել է Լաերտ Պողոսյանի ուսանողների պատրաստած ֆիլմով՝ նվիրված վարպետի գործունեությանն ու ստեղծագործական ճանապարհին:
«Նայելով այս ֆիլմերը, լսելով ինձ ուղղված խոսքերն՝ ակամայից հիշում եմ հայտնի երգի տողերը՝ իմ տարիներն իմ հարստությունն են: Որպեսզի տարիները դառնան հարստություն, մարդն անպայման պետք է ճիշտ քայլած, իր կյանքում ճիշտ ներդրումներ արած լինի: Դահլիճում նստածներից շատերն իմ կյանքի, օրերի, տարիների մասնակիցներն են: Նայելով ամեն մեկիդ՝ հիշում եմ անցած տարիներից ինչ-որ մի պահ, ինչ-որ մի դրվագ, հուշ, որոնք կուտակվելով դարձել են տարիներ: Ես սիրում եմ ձեզ, սիրում եմ այդ դրվագներն ու հուշերը, որոնք իմ հարստությունն են»,- ասել է Լաերտ Պողոսյանը և շնորհակալություն հայտնել հարազատ միջավայրում կազմակերպված հանդիպում-երեկոյի, սիրելի հիշողությունների և գնահատանքի համար:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և անձամբ իր անունից շնորհավորել է Լաերտ Պողոսյանին և նշել.
«Սիրելի՛ վարպետ, անգնահատելի է Ձեր ներդրումն ու վաստակը հայկական կինոյի ոլորտում: Ուզում եմ ասել, որ կան մարդիկ, որոնք, իսկապես, հարստություն են, մեր հարստությունն են: Հսկայական ստեղծագործական փորձառություն, ահռելի մարդկային շփումների փորձ, մեծ հիշողությունների շտեմարան. այն աշխատանքը, որ Դուք եք արել, սիրելի՛ վարպետ, և այն անունները՝ մեծանուն մեր ռեժիսորները, այսօր դասական են համարվում: Առանց այդ աշխատանքի արդյունքի հաստատ մեր հոգևոր նկարագիրը չէր լինի այն, ինչ այսօր կանք, մեր հոգեկերտվածքը չէր լինի այսքան ազգային, որքան այսօր է: Ձեր գործունեության շնորհիվ ամրապնդվել է հենց ազգային շերտը կինեմատոգրաֆում, և Դուք այն մարդկանցից եք, որոնց կենսագրությունը զուգահեռվում է կինեմատոգրաֆի պատմության հետ: Պարզապես անգնահատելի է Ձեր ներդրումը «Երևան» ստուդիայի, այդ կառույցի կայացման և այդտեղ ստեղծված արժեքների գործում: Մաղթում եմ Ձեզ երկար տարիների կյանք, քաջառողջություն, թող Ձեր քայլվածքը լինի նույնքան անշեղ, ինչպես այսօր է, Ձեր տարիներն ուղեկցվեն խաղաղությամբ և մեր երկրի բարօրությամբ»:
Արա Խզմալյանը նախարար Վահրամ Դումանյանի հրամանով Լաերտ Պողոսյանին է հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալը՝ նրա 90-ամյա հոբելյանի առիթով և կինոարվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար:
Լաերտ Պողոսյանը 1958 թվականից աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում՝ որպես օպերատոր: Հեղինակել է «Սովորի՛ր կինո նկարահանել» աշխատությունը (1966 թ.), «Իմ կյանքի էջերից» (2013 թ.), «Անցած օրերի մտորումներ, էսքիզներ» (2021 թ.) գրքերը:
1980 թվականից դասավանդել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում։ 1983 թվականին արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Հայաստանի կինոգործիչների միության անդամ է: