
Իրանի ղեկավարն այն կարծիքին է, որ բողոքները երկրում կազմակերպել է ԱՄՆ-ը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ին ու Իսրայելին մեղադրել է բողոքի ընդգրկուն ակցիաներ կազմակերպելու մեջ, որոնք Իրանում շարունակվում են արդեն ավելի քան տասն օր:
«Ես հայտարարում եմ, որ այս անկարգությունները կազմակերպել են ԱՄՆ-ը եւ սիոնիստական ռեժիմը, իսկ նրանց վարձկանները եւ մի քանի դավաճան իրանցիներ արտասահմանից օգնել են նրանց»,-«Մեհր» գործակալությունը հաղորդել է Խամենեիի խոսքը:
Նաեւ նա ցավակցություն է հայտնել 22-ամյա Մահսա Ամինիի զոհվելու կապակցությամբ, որի մահից հետո են սկսվել բողոքի ցույցերը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ «այդ միջադեպի արձագանքը, երբ մարդիկ, չսպասելով հետաքննությանը, դուրս են գալիս փողոցներ, հանում են կանանց հիջաբները, հրկիզում մզկիթներ (…),-նորմալ չէ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:-