
ԱՄՆ-ում «Իեն» փոթորիկի զոհերի թիվը հասել է 87-ի

ԱՄՆ-ում «Իեն» փոթորիկը 87 մարդու զոհվելու պատճառ է դարձել Ֆլորիդայի եւ Հյուսիսային Կարոլինայի նահանգներում: Այդ մասին հոկտեմբերի 3-ին հաղորդել է NBC News-ը: Մասնավորապես, զոհվածներից 83-ը բաժին է ընկել Ֆլորիդայի եւ 4-ը՝ Հյուսիսային Կարոլինայի նահանգներին: Մինչ այդ հաղորդվել էր 77 մարդու զոհվելու մասին:
Բացի այդ, 746 հազար մարդ մինչեւ այժմ առանց էլեկտրականության է մնում Ֆլորիդայում: Միեւնույն ժամանակ շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները:
«Մենք նախապես գործի ենք դրել ուժերի աննախադեպ մեծ ռեզերվ որոնողա-փրկարարական գործողություններ անցկացնելու համար»,- հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության ղեկավար Դիանա Քրիսվելը:
Անհետ կորած է համարվում ավելի քան տասը հազար մարդ: Իշխանությունների կարծիքով, նրանցից շատերը գտնվում են ապաստարաններում եւ չեն կարող կապի դուրս գալ էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով: Շաբաթ օրը փոթորիկը կտրուկ թուլացել է, երբ այն տեղափոխվել է Վիրջինիայի հարավային մաս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: