«Որևէ մեկը նպատակ չունի գյուղից դուրս գալ՝ ո՞ւր գնան, սա մեր տունն ու բունն է». Վաղատուրի վարչական ղեկավար
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա թշնամու հարձակման հետևանքով Վաղատուր համայնքի վնասված տանիքներն ու կոտրված պատուհանները դեռ չեն էլ սկսել վերականգնել։
Սյունիքի մարզի սահմանամերձ Վաղատուր գյուղում սեպտեմբերի 13-ի գիշերը 13 արկ է ընկել այն ժամանակ, երբ խաղաղ բնակիչները քնած էին։ Բարեբախտաբար, զոհեր չեն եղել, սակայն թշնամու արձակած կրակոցների հետևանքով վնասվել են բազմաթիվ շենքերի տանիքներ ու պատուհաններ։
168.am-ի հետ զրույցում Վաղատուրի վարչական ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը հույսը չի կորցրել՝ շենքերի տանիքները վերականգնելու աշխատանքները սկսելու ժամանակն էլ կգա։
«Հիմնականում տանիքներն են վնասվել, որոշ դեպքերում՝ պատուհանները։ Դեռ ժամանակ կա, կհասցնենք վերականգնել»,- նշեց Վաղատուրի վարչական ղեկավարը։
Ըստ նրա, մարդիկ պետք է հող վարեն, ցանեն, բայց ոչ մի բան չեն անում, գյուղատնտեսական աշխատանքները չեն կարողանում շարունակել։
«Դեռ չգիտեն՝ կանե՞ն, թե՞ ոչ, անորոշ վիճակ է ժողովրդի մոտ, թե չէ բոլորն էլ ուզում են անեն։ Բայց որևէ մեկը նպատակ չունի գյուղից դուրս գալ, տեղ չունեն գնալու, ո՞ւր գնան, սա մեր տուն ու բունն է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Միաժամանակ նա նկատեց՝ թշնամին այս ընթացքում սսկված է, կրակոցները հնչել են սեպտեմբերի 13-ին և 14-ին, դրանից հետո իրավիճակը նորմալ է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանը կրկին հարձակվել էր Հայաստանի ինքնիշխան Հանրապետության սահմանների վրա, որի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։