Բաժիններ՝

«Ինձ համար էլ հեշտ չէ՝ գնալ նման քայլի, սակայն նման պահվածքը հանդուրժել էլ հնարավոր չէր». Էջմիածնի դպրոցի տնօրենը՝ երկու ուսուցչի աշխատանքից ազատելու պատճառի մասին

Այսօր Վաղարշապատի Ռ.Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել մի խումբ ծնողներ, և պատճառն այն էր, որ դպրոցի տնօրենի որոշմամբ երկու ուսուցիչ ազատվել է աշխատանքից:

«Թոռնիկս այս դպրոցում է սովորում, ստացվել է այնպես, որ զանգահարել, ասել են, որ դասվարին ազատել են աշխատանքից։ Պատճառը չգիտենք: Ուզում եմ, որ ուսուցիչը հետ գա, որովհետև լավ դասվար է եղել, լավ կրթել է մեր երեխաներին։ Երկու օր է` մեզ մոտ դասադուլ է: Որքանով տեղյակ ենք` փոխարինող ուսուցիչ չկա, որ պահին ազատ լինեն` պետք է գան, փոխարինեն»,- լրագրողների հետ զրույցում ասել էր բողոքի ակցիայի մասնակից ծնողներից մեկը:

168.am-ը կապ հաստատեց դպրոց տնօրեն Մարիետա Սամվելյանի հետ՝ ճշտելու, թե իրականում ո՞րն է եղել ուսուցիչներին աշխատանքից ազատելու պատճառը, մեր հարցերին տնօրենն այսպես պատասխանեց.

«Իրենց պահել են մանկավարժին ոչ վայել, անցել են բարեվարքության բոլոր սահմանները, մի քանի անգամ վիրավորել են աշակերտներին, ծնողներին, իրենց գործընկերներին և երբեք չեն ընդունել, որ ինչ-որ հարցում սխալ են, նստենք, խոսենք և այլն: Ու անհիմն հայտարարել են գործադուլ, թողել են դասարանը, դուրս են եկել դպրոցից, գործադուլ են հայտարարել, որի իրավունքը չունեին»,- մեզ հետ զրույցում ասաց դպրոցի տնօրենը:

Կարդացեք նաև

Նա հայտնեց, որ խնդիրներ եղել են, խոսել են, հարթել են:

«Սակայն սեպտեմբերին անպատվել են աշակերտին, ծնողները դիմում-բողոք են գրել: Իրենք բղավել են, անպատվել, վիրավորել ծնողներին, մանկավարժներին, բոլորին: Ուսուցչի մասնագիտական որակավորման մասին մենք չենք խոսում, ոչ մեկը չի ասել, որ նա վատ մանկավարժ է, բայց նման պահվածք չի կարելի: Անհիմն բացակայել են աշխատանքից՝ երեխաներին թողնելով բախտի քմահաճույքին, տապալել են ուսումնական գործընթացը»,- մանրամասնեց Մարիետա Սամվելյանը:

Տնօրենը տեղեկացրեց, որուսուցիչներից մեկը դասվար է, մյուսը՝ հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ: Նրանք մայր ու աղջիկ են:

«Աղջիկը մի քանի ամիս է, ինչ ընդունվել է աշխատանքի: Ամեն ինչ սկսվել է աղջկա պահվածքից: Մայրը դրա հետ կապ չուներ, բայց միացավ, անպատվեց բոլորին: Դրանից հետո հայտարարեցին գործադուլ, որը տևեց երկու օր, հետո եկան, ասացի, որ բացատրություն գրեն. ոչ մի ափսոսանք չկար: Ունենք իրենց խոսակցությունների ձայնագրություններն ու տեսագրությունները:

Եվ Աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածի համաձայն՝ անհիմն բացակայելու համար միակողմանի լուծվել է աշխատանքային պայմանագիրը»,- նշեց Մարիետա Սամվելյանը և հավելեց, որ ինքն այդ դպրոցի 11 տարվա տնօրենն է, ու երբեք նման բան չի եղել:

«Աղջիկը միշտ իրեն վեր է դասել բոլորից, որ ինքը ԵՊՀ-ում է սովորել, մյուսները՝ Մանկավարժական համալսարանում, և նրանցից սովորելու բան չունի: Ինչևէ, չեմ ուզում շատ մանրանալ: Ես դրանից էլ եմ վատ զգում, որովհետև բոլորս մանկավարժ ենք, սակայն իրավիճակը սահմանից դուրս էր եկել: Ինձ համար էլ հեշտ չէ գնալ նման քայլի, սակայն նման պահվածքը հանդուրժել էլ հնարավոր չէր: Էլ ի՞նչ պահանջեմ աշակերտից, ի՞նչ դաստիարակելու մասին կարելի է խոսել, երբ մանկավարժն իրեն նման ձևով է դրսևորում»,- ասաց Մարիետա Սամվելյանը:

Տնօրենը հերքեց նաև բողոքի ակցիայի մասնակից ծնողների այն խոսակցությունները, թե ինքը, ինչպես ծնողներն են ասում, «նիկոլական» է:

«Ես ոչ մի «ական» էլ չեմ: Ընդամենը մանկավարժ եմ և դպրոցի տնօրեն: Այս դպրոցում ոչ մի մանկավարժ քաղաքականությունից չի խոսել, ով իր հոգում ինչական է, թող պահի իրեն: Դպրոցը քաղաքականության տեղ չէ»,- արձագանքեց Մարիետա Սամվելյանը:

Հավելենք, որ խոսքը 2-ի «Բ» դասարանի մասին է: Տնօրենը, ի դեպ, նշեց, որ հանդիպել է ծնողներին, բացատրել, որ եթե խնդիր կա՝ միասին կկարգավորեն, բայց նրանք պարտավոր են երեխաներին դպրոց տանել:

Ինչ վերաբերում է նոր դասվարին, ապա նա արդեն աշխատում է, դասին ներկա երեխաների հետ վարել է դասը:

«Բացառությամբ երևի մի երկու ծնողի՝ մյուսները հանձն են առել, որ երեխաներն անպայման վաղը կլինեն դպրոցում»,- եզրափակեց տնօրենը:

Տեսանյութեր

Լրահոս