Էջմիածնի թիվ 9 դպրոցում երկու օր է` դասադուլ է. ծնողները պահանջում են հետ բերել դասվարին
Էջմիածնի թիվ 9 դպրոցի դասադուլին հաջորդեց ծնողների այսօրվա բողոքի ակցիան: Պատճառը դպրոցի տնօրենի որոշմամբ մի քանի ուսուցչի աշխատանքից ազատելն է։
«Թոռնիկս այս դպրոցում է սովորում, ստացվել է այնպես, որ զանգահարել-ասել են, որ դասվարին ազատել են աշխատանքից։ Պատճառը չգիտենք,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, ապա շարունակեց, -Ուզում եմ, որ ուսուցիչը հետ գա, որովհետև լավ դասվար է եղել, լավ կրթել է մեր երեխաներին։ Թոռնիկս խոսելիս չի ասում՝ ընկեր Վարդանյան, ասում է` իմ ընկեր Վարդանյանը։ Մեր խնդրանքն է, պարտադրանքն է, որ ուսուցչուհուն հետ բերեն։ Երկու օր է` մեզ մոտ դասադուլ է: Որքանով տեղյակ ենք` փոխարինող ուսուցիչ չկա, որ պահին ազատ լինեն` պետք է գան, փոխարինեն։ Այդպես ո՞նց կլինի։ Երեխային հատուկ այս դպրոց ենք բերել` մանկավարժի համար՝ 40 տարվա փորձ ունի»։
Մեկ այլ ծնողի համար էլ անընդունելի է, որ ուսումնական տարին սկսվելուց 25 օր անց է տնօրենը որոշում աշխատանքից ազատել ուսուցչին, թող տնօրենը 25 օր առաջ հաներ` ոչ հիմա, ասաց նա՝ հավելելով.
«Մի քանի ծնող գոնե պետք է բողոքած լիներ, որ լավ ուսուցիչ չէ, սակայն նման բան չկա։ Մենք Արցախից ենք, թոռնիկս արդեն սովորել էր նրան, հիմա ի՞նչ անենք, պատերազմ տեսած երեխեքին բերել ենք այստեղ, հանենք ո՞ւր տանենք։ Ուզում ենք, որ դասատուն հետ գա։ Ո՞վ պետք է այս հարցին լուծում տա։ Երևի մարզպետարան դիմենք։ Ասում են` մրցույթ կկազմակերպեն, ի՞նչ մրցույթ, բոլորս էլ գիտենք` ով փողը տա, նա անցնելու է։ Անօրեն երկիր է` ով ինչ ուզի, կանի։ Մենք հանդիպել ենք երեկ տնօրենին, ինքն ասել է` հանել եմ, ու վերջ»։ Նրա փոխանցմամբ` խոսքը մոր ու աղջկա մասին է, երկուսին էլ ազատել են աշխատանքից։ Ծնողները պնդեցին` մինչև դասվարը չգա, երեխաներին չեն տանի դպրոց։ Ծնողներից մեկն էլ փոխանցեց, որ դպրոցից զանգել ու սպառնացել են, որ եթե մեկ շաբաթ էլ երեխային դպրոց չտանեն` ոստիկանություն կդիմեն։ Ծնողները, այդուամենայնիվ, հույս հայտնեցին, որ խնդրին դրական լուծում կտրվի, եթե ոչ` գուցե երեխաներին հանեն դպրոցից։