«Որ նա անտեղյակ է, և իր խորհրդականները՝ անգրագետ, հասկանալի է». Լարիսա Ալավերդյան

Ելիսեյան պալատում Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հայաստանյան փորձագիտական դաշտում շարունակում են սրբագրվել:

Հիշեցնենք, որ Փաշինյանը միջազգային հանրության ու Ֆրանսիայի նախագահի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ իրականության հետ աղերս չունեն շահարկումները, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ճշգրտված սահման չկա, քանի որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ։ Որպես ասվածի ապացույց՝ նա նշել էր, որ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները երկու երկրների առաջին իսկ ամիսներին դարձել են պետական սահման, քանի որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ստորագրել ու վավերացրել են ԱՊՀ ստեղծելու մասին 1991թ․ դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը և դրանով փաստացի ճանաչել են միմյանց սահմանները։

«1991 թվականի այդ համաձայնագիրը ստորագրել են 3 պետություն. եթե ինքն ուզում է խոսել դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրի մասին, դա այլ է: Որ նա անտեղյակ է, և իր խորհրդականները՝ անգրագետ՝ հասկանալի է»,- 168.am–ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին այսպես արձագանքեց ՀՀ առաջին մարդու իրավունքների պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Իրավապաշտպանը նաև հավելեց՝ հիշյալ համաձայնագրին կից որևէ քարտեզ չկա, իսկ համաձայնագրում հռչակագրային կետեր են, որոնք առկա են բոլոր միջազգային փաստաթղթերում: Ավելին՝ նա հիշեցրեց, որ այդ փաստաթուղթն Ադրբեջանը ստորագրել է միայն 1993 թվականի սեպտեմբերին, երբ Հեյդար Ալիևը զավթել է իշխանությունը:

«Եթե մենք ղեկավարվենք դրանով, ուրեմն մենք պետք է մտածենք, որ ՄԱԿ-ի անդամ որևէ պետություն չունի սահմանային խնդիրներ. օրինակ, Ճապոնիա-Ռուսաստան. արդյոք իրենք չե՞ն ստորագրել բոլոր այն փաստաթղթերը, որոնցում անդրադարձ կա տարածքային ամբողջականությանը. ոչ, բոլորը ստորագրել են:

Այսինքն՝ խոսքը սկզբունքների մասին է, և ոչ թե՝ սահմանների,- մանրամասնեց Լարիսա Ալավերդյանը՝ շեշտելով նաև, որ Ադրբեջանը երբևիցե հավակնություն չի ունեցել սովետական սահմանների վերաբերյալ,- Անկախության հռչակագրով Ադրբեջանն ամբողջ խորհրդային ժամանակահատվածը համարում է ՌԴ կողմից օկուպացիայի տարիներ, և իրեն հայտարարում 1918-20 թթ. ադրբեջանական դեմոկրատական հանրապետության իրավահաջորդը: Եթե նա վերադառնում է այդ հատվածին, ապա պետք է արձանագրել՝ այդ սահմանները չեն ճանաչվել Ազգերի լիգայի կողմից»:

Իրավապաշտպանի համոզմամբ՝ Փաշինյանի կողմից այդ համաձայնագրին հղում կատարելն անհիմն է ու ոչ իրավական:

«Սա խոսում է զուտ քաղաքական կամքի մասին, որն ուզում են թելադրել հայ ժողովրդին՝ կեղծ հիմնավորումներով: Պետք է հստակեցվի՝ մենք որ ժամանակահատվածին ենք վերադառնում: Հայաստանը կարող է վերադառնալ Սովետական Հայաստանին՝ միայն մեկ պայմանով, եթե Ադրբեջանն իրեն հայտարարել է Սովետական Ադրբեջանի իրավահաջորդ, ինչն Ադրբեջանը չի արել:

Հղումը, որը արվում է Խորհրդային Միությանը, նշանակում է, որ մենք կարող ենք հղում անել ԽՍՀՄ այլ օրենքներին, այսինքն՝ ԼՂՀ-ն դուրս եկած Ադրբեջանին: Իսկ իրենք բերում են, անգրագետ մակարդակով հայտարարում են ամենապրիմիտիվ բաները, և ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես չի ներկայացնում Հայաստանի և հայության շահերը»,- ասաց նա:

Քանի որ օրերս Առաջին նախագահն էր խոսել Ադրբեջանի և Թուրքիայի հետ փաստաթղթերի ստորագրման անխուսափելիության մասին՝ նկատելով, թե պայմանագրեր պիտի կնքվեն և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, Լարիսա Ալավերդյանին խնդրեցինք անդրադառնալ նաև այս հայտարարություններին:

Ի պատասխան՝ նա նախ նշեց, որ հակասություններ է արձանագրել Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքում, ինչն իրեն զարմացրել է:

«Եթե ինքը խոստովանում է, որ չգիտի այդ պայմանագրերը, ինչպե՞ս է համոզում, որ ձեռք մեկնենք. ուղղակի տրամաբանությունից դուրս է դա: Դա նույն բանն է, որ մի կին պատգամավոր ասել էր, թե՝ եթե սպիտակ թուղթ էլ բերեք, ես քվեարկելու եմ կողմ:

Բայց արդյո՞ք հարիր է Առաջին նախագահին նմանվել այդ՝ ձրի տեղն աշխատավարձ ստացող անձնավորության հետ: Ես շատ վրդովված եմ. առաջին նախագահը, իմ համոզմունքով, ամենախայտառակ հունի մեջ է մտցրել Արցախի հարցը, բայց նա ունի գրագետ մարդու մակարդակ: Հիմա իր այդ ելույթով՝ ինքն իրենց իջեցրեց իշխանական կուսակցության ամենացածր պատգամավորների մակարդակին»,- մանրամասնեց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ Լևոն Տեր–Պետրոսյանը նաև ասել էր.

«Նիկոլն է ու մեկ-երկու հոգի գիտեն, թե Ռուսաստանը, Թուրքիան ինչ են առաջարկում, ԱՄՆ-ը ինչ խորհուրդ է տալիս։ Ես, Քոչարյանը, Սարգսյանը այդ ինֆորմացիային չենք տիրապետում։ Իմ առաջարկի բուն իմաստն այն է, որ ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Նիկոլից կարողանան ազատվել, ապա կարող ենք խուսափել ցավոտ լուծումներից, սա միամտություն է։ Ով էլ գա, նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու։ Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու, պետք է դրանցից ընտրել ամենաքիչ ցավալին»:

Տեսանյութեր

Լրահոս