Չինաստանում ՀՀ կցորդի անվան հետ առնչվող ընկերությունը հերթական արտոնությունը կստանա նաև Չինաստանից ներմուծումներ անելու համար
Կառավարությունն օրերս որոշել է 100 մլն դրամի մաքսային արտոնություն տրամադրել «Արտ գլոբալ» ընկերությանը՝ ազատելով ներմուծման մաքսատուրքից։ Որոշման նախագիծը պատրաստվել էր Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ դրամ, իսկ ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մեկանգամյա օգտագործման թղթե սպասքի արտադրության համար։
Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ՝ արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում, իսկ ՍՊԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է ստեղծել 24 նոր աշխատատեղ՝ մինչև 195.000 դրամ միջին ամսական աշխատավարձով։
Նշվում է նաև, որ ապրանքները ներմուծվելու են Չինաստանից, ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Իրանից, քանի որ ԵԱՏՄ անդամ-երկրներից ներմուծումները չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջները:
Նկատենք, այս ընկերությունը նմանատիպ արտոնություն ստացել էր նաև 2019 թվականին. այդ ժամանակ գործադիրն ավելի համեստ՝ 13 միլիոն դրամի մաքսային արտոնություն էր տրամադրել ՍՊԸ-ին: Այդ ժամանակ ընկերությունը Չինաստանից ներմուծելու էր 247 միլիոն դրամ արժողությամբ ստվարաթղթեր։
Իսկ հիմա այս ընկերության մասին. այն հիմնադրվել է 2015 թվականին, գրանցման վայրը Լոռու մարզի Սարահարթ գյուղն է: Ծնունդով այս գյուղից է նաև նախկին իմքայլական պատգամավոր, աժմ Փաշինյանի ստորագրությամբ Չինաստանում առևտրային կցորդ նշանակված Արտաշես Պետրոսյանը:
Ասում են, որ հենց Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդին ու նրա ընտանիքին է պատկանում իր ծննդավայր Սարահարթ գյուղում գրանցված «Արտ գլոբալը», որն աչքի է ընկնում նաև Չինաստանից ակտիվ ներմուծումներով:
Ըստ ԱԺ կայքի՝ ԱԺ նախորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտաշես Պետրոսյանը 2016-2019 թվականներին որպես փոխտնօրեն է աշխատել այս ընկերությունում:
Հավելենք, որ պատգամավորի պաշտոնը ստանձնելուց Արտաշես Պետրոսյանի փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է նրա տիկինը՝ Հասմիկ Ազոյանը:
Ի դեպ, սոցիալական ցանցերից մեկում Արտաշես Պետրոսյանը ներկայանում է՝ որպես «Արտ Գլոբալ»-ի բիզնես զարգացման տնօրեն: