«Թշնամին պետք է մի անգամ արժանի հարված ստանա, որ տեղում սսկվի, թե չէ այսպես հա էլ առաջ կգա». Ույծի վարչական ղեկավար

Սեպտեմբերի 13-ին, երբ թշնամին հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղություններով, Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Ույծ գյուղից սկսեցին կանանց և երեխաներին տարհանել։

168.am հետ զրույցում Ույծի վարչական ղեկավար Արտակ Ավետյանն ասաց, որ սեպտեմբերի 13-ի գիշերը, Ույծին հարակից գրեթե բոլոր գյուղերում պայթում էին թշնամու կրակած արկերը։ Թեպետ Ույծը կրակոցների տակ չի եղել, բայց հենց այդ գիշեր որոշել են կանանց և երեխաներին գյուղից հանել՝ նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով։

«Որ ասեմ՝ բնակիչները չեն վախեցել, սուտ կլինի, մեր չորս կողմը արկեր էին պայթում, այդ ձայները միայն բավական էին, որ մարդիկ վախ զգային, սարսափելի էր։ Փառք Աստծո, այսօր գյուղից տեղահանված բնակիչները վերադարձել են ու փորձում են իրենց առօրյա հոգսերը հոգալ։

Տղամարդիկ, ովքեր ի վիճակի էին զենք վերցնելու ու պաշտպանվելու, այդ օրերին բոլորը գյուղում էին»,- նշեց Արտակ Ավետյանը։

Կարդացեք նաև

Ըստ վարչական ղեկավարի, աննախադեպ երևույթ էր, որ Ույծից թշնամու գործողությունների հետևանքով մարդիկ դուրս գան, կամ կրակոցներն այդքան մոտ լինեն գյուղերին։

«Մենք չենք հիշում նման բան, նույնիսկ արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Արկերի պայթյունների ձայները 1-2 կիլոմետրից լսվում էին գյուղում։

Մինչև թշնամին չզգա, որ դիմացինը ուժ է ցուցադրում, միշտ էլ կրակելու է ու միշտ էլ առաջ է գալու։ Թշնամին պետք է մի անգամ արժանի հարված ստանա, որ տեղում սսկվի, թե չէ այսպես հա էլ առաջ կգա։

Մենք ունենք այդ հարվածը հասցնելու ներուժը, պարզապես պետք է համախմբվենք։ Պատմությունը ցույց  է տվել, երբ հայ ազգը համախմբվում է, նրան ոչինչ չի կարողանում հաղթել»,- եզրափակեց Արտակ Ավետյանը։

Հիշեցնենք, որ Արցախի 44-օրյա պատերազմից առաջ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Ույծ գյուղն Ադրբեջանի հետ սահմանից տասնյակ կիլոմետրերով հեռու էր։ Իսկ երբ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով Սյունիքում հայկական զորքը 100-150 կմ հետ քաշվեց և բարենպաստ դիրքերը զիջեց թշնամուն՝ Ույծը և տասնյակ գյուղեր հայտնվեցին թշնամու թիրախում։

Հիշեցնենք նաև՝ 2021 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց էր հնչել Սյունիքում սահմանային իրավիճակի, ինչպես նաև ՀՀ սուվերեն տարածքում թշնամու հայտնվելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սյունիքում հայկական զորքերը հետ են քաշվել իր անմիջական հրամանով։

«Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբևէ նման բան եղե՞լ է: Գրավո՞ր է եղել, թե՞ բանավոր է եղել, նախարարը գրավո՞ր է տվել, թե՞ բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս