Ո՞վ կնշանակվի Ալեքսանդր Ազարյանի փոխարեն Վերաքննիչ քրեական դատարանում

Երեկ հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) սեպտեմբերի 22-ին որոշում է ընդունել, որի համաձայն՝ հիմք ընդունելով Ալեքսանդր Ազարյանի դիմումը, նրա՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են։

Ըստ տեղեկությունների՝ Ալեքսանդր Ազարյանի՝ աշխատանքից ազատվելու պատճառներն անձնական են. դատավորն ունի որոշական առողջական խնդիրներ և, ըստ ամենայնի, երկարատև բուժման կարիք:

Վերաքննիչ քրեական դատարանում Ալեքսանդր Ազարյանի թափուր հաստիքը պետք է լրացվի: Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում 4 անուն կա՝ Գրիգոր Հովհաննիսյան, Ռոբերտ Պապոյան, Դավիթ Բալայան և Լուսինե Ալավերդյան:

Կարդացեք նաև

Չորս թեկնածուներից 2-ը մարզային դատավորներ են, երկուսը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ:

Սեպտեմբերի 22-ին դռնփակ նիստում քննարկելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2- րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 129-րդ և 117-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է Հանրապետության նախագահին առաջարկել Գրիգոր Վոլոդյայի Հովհաննիսյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

Այսինքն՝ եթե ՀՀ նախագահը դեմ չլինի և ստորագրի ԲԴԽ միջնորդությունը, Ալեքսանդր Ազարյանի փոխարեն Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում կնշանակվի Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս