Թշնամու ռազմական գործողությունների հետևանքով հիվանդանոցում այսօր մահացած քաղաքացիական անձը տղամարդ էր՝ հովիվ
Առողջապահության նախարարությունն այսօր հայտնեց, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է:
«Երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հիշեցնենք, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 7 անձ»,- նշված է հայտարարության մեջ։
Մահացած քաղաքացու վերաբերյալ մանրամասներ իմանալու համար 168.am-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարության լրատվական ծառայության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ մահացած անձը տղամարդ էր։
«Քաղաքացին ծայրահեղ ծանր վիճակում էր տեղափոխվել հիվանդանոց, մասնագետներն օրուգիշեր պայքարել են նրա կյանքի համար, բայց, ցավոք, վիրավորումները երբեմն խորն են լինում, ու հնարավոր չի լինում փրկել։ Մահացած քաղաքացին տղամարդ էր, հովիվ»,- հայտնեցին նախարարությունից՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որտե՞ղ էր վիրավորվել հովիվը, որի անունն նույնպես չհրապարակեցին։