«Գուցե ամսի 13-ի պատերազմը հետախուզական էր՝ վաղը-մյուս օրը ոչ մեկս չենք կարող գարանտիա տանք, թե ինչ կլինի». Բարձրավանի գյուղապետ
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, երբ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, Սյունիքի մարզում Շուռնուխ, Որոտան և Բարձրավան գյուղերի ուղղությամբ կրակոցներ չէին եղել։
Թեպետ 2020 թվականի դեկտեմբերի 18-ից հետո Շուռնուխ ու Որոտան գյուղերի մի հատվածը՝ բնակիչների սեփականություն հանդիսացող տներով հանդերձ, մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ Բարձրավանում էլ առաջացել է ճանապարհների խնդիր, այդուհանդերձ թշնամին այդ երեք գյուղերի վրա չի կրակել, ինչը զարմացրել է Բարձրավանի գյուղապետին։
«Մենք զարմացել էինք, որ սահմանի ողջ երկանքով Ադրբեջանը պատերազմ է սկսել, բայց այս երեք գյուղերի ուղղությամբ չի կրակում։ Չնայած չեն կրակել, բայց դե տագնապ կար, որովհետև մեր գյուղից երևում էին մեր շուրջը տեղի ունեցող ռմբակոծությունները, կրակոցները, մի խոսքով՝ լարված վիճակ էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը։
Նրա փոխանցմամբ, լավ է, որ այդ խառը իրավիճակում գյուղի ճանապարհը չի փակվել։
«Թեպետ կրակոցներ չկան, բայց վտանգը չի անցել։ Մեր գյուղից այս ընթացքում որևէ մարդ դուրս չի եղել, բոլորն էլ իրենց տներում են, իրենց տեղերում են։
Գուցե ամսի 13-ի պատերազմը հետախուզական պատերազմ էր, վաղը-մյուս օրը ոչ մեկս չենք կարող գարանտիա տանք, թե ինչ կլինի, ոնց կլինի։ Գուցե հետախուզական էր, դրա համար այս թևում որևէ գործողությւոն չեն արել ու չեն կրակել»,- հավելեց Բարձրավանի գյուղապետը։
Ըստ գյուղապետի, կրակոցների տակ հայտնված գյուղերից որևէ բնակիչ Բարձրավան չի գնացել, եթե գնային, ապա Շուռնուխից ու Որոտանից պետք է գնային, քանի որ այդ երեք գյուղերն են միմյանց մոտ։
«Շինուհայրից ու մի քանի գյուղերից կանայք ու երեխաներն այդ օրերին դուրս էին եկել»,- եզրափակեց Օնիկ Ավագյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում, մասնավորապես, նշված է. «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: