
«Մի երկու կրակոց մեր դիրքերի ուղղությամբ է եղել, գյուղ չեն հասել». Կութի գյուղապետ

Պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։
Հայկական կողմից կա մեկ վիրավոր: ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկ նաև փոխանցել էր, որ «վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»:
168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ղեկավար Գրիգորի Ավագյանը փոխանցեց, որ կրակոցները եղել են Կութի հայկական դիրքերի ուղղությամբ։
«Մի երկու կրակոց մեր դիրքերի ուղղությամբ է եղել, գյուղ չեն հասել, հիմա իրավիճակը նորմալ է»,- նշեց Գրիգորի Ավագյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: