Չավուշօղլուն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում առկա իրավիճակի մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում մեկնաբանել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում առկա իրավիճակը և դրա շուրջ գործընթացների զարգացումը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունը և հանրաքվեները Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում և Զապորոժիեում իրավիճակի լրջության ցուցանիշ են»,-ասել է նա:
Չավուշօղլուն նշել է, որ պատերազմի առաջին օրերին կողմերն ավելի մոտ էին կարգավորմանը, իսկ մարտին Ստամբուլում կայացած հանդիպմանը նույնիսկ մի շարք փաստաթղթեր են փոխանակել։
«Այսօր իրավիճակը տեղում բոլորովին այլ է։ Որքան երկար է պատերազմը շարունակվում, այնքան ավելի դժվար է լուծում գտնելը։ Դիվանագիտությունն ու երկխոսությունը դեռ միակ ելքն են ստեղծված իրավիճակից»,- ընդգծել է նա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր հերթին հայտարարել է, որ չպետք է թույլ տալ Ռուսաստանի Դաշնությանը պատերազմի դադարեցման դիմաց իրեն պահել Ուկրաինայի այն տարածքները, որոնք վերահսկվում են իր զորքերի կողմից։
Էրդողանը նաեւ ասել է, որ 2014 թվականից սկսած կոչ է անում Պուտինին վերադարձնել Ղրիմն Ուկրաինային։