«Ադրբեջանը ռազմական ճնշումները Հայաստանի վրա կշարունակի՝ հնարավոր է, ինչ-որ փուլում ավելի լայնածավալ բնույթ կրի». Քաղաքագետ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հանդես է եկել հայտարարությամբ՝ ամփոփելով կոնգրեսական պատվիրակության եռօրյա այցը ՀՀ:
«Մեր կոնգրեսական պատվիրակությունը մեկնեց Հայաստան, որը կարևոր ճակատ է ժողովրդավարության և բռնապետության միջև պայքարում: Մայրաքաղաք Երևանում մեր շփումների ընթացքում փոխանցել ենք Հայաստանի ժողովրդավարությանը և անվտանգությանն աջակցության հզոր ուղերձ, հատկապես Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումից հետո։ Մեր այցը նախատեսված էր սեպտեմբերի 12-ի ռազմական գործողությունների մեկնարկից առաջ։
Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի անդամներ Ֆրենկ Փալոնը, Աննա Էշուն և Ջեքի Սփիըրը և ես մեր այցելությունը սկսեցինք Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ դնելով: Այնտեղ մենք աղոթեցինք Ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների համար:Կոնգրեսը հավատարիմ է երաշխավորելու, որ Ցեղասպանության ճշմարտությունը երբեք չի ջնջվի, այդ իսկ պատճառով 2019 թվականին մենք ընդունեցինք օրինագիծ՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, որին նախագահ Բայդենն արձագանքեց անցյալ տարի իր պաշտոնական ճանաչմամբ: Արտոնություն էր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից պարգևատրվել դեսպան Հենրի Մորգենթաու մեդալով, որը ես ընդունեցի Կոնգրեսի անունից՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և իրազեկման բարձրացման մեր աշխատանքի համար։
Տեղեկացված և ոգեշնչված ստացած ընդունելությունից՝ մեր պատվիրակությունը վերադառնում է Վաշինգտոն հպարտ և պատրաստ առաջ մղելու Կոնգրեսի երկարամյա հանձնառությունը ժողովրդավարական Հայաստանի և անվտանգ, խաղաղ կովկասյան տարածաշրջանի նկատմամբ»,- ասված է հայտարարությունում:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Հարությունովն անդրադառնալով Փելոսիի հայաստանյան այցին և հայտարարություններին, մասնավորապես՝ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, ասաց, որ սա դեռևս չի նշանակում, որ Փելոսիի արտահայտած դիրքորոշումն ունի նաև Միացյալ Նահանգների կառավարությունը։
«Միացյալ Նահանգներում հաճախ է լինում, որ օրենսդիրի և գործադիրի տեսակետներն այս կամ այն հարցի շուրջ չեն համընկնում։ Մասնավորապես՝ պետք է հաշվի առնենք, որ Նենսի Փելոսին բավականին երկար տարիներ հայամետ գործունեությամբ է զբաղվել և Հայաստան իր հետ բերել էր հիմնականում հայամետ կոնգրեսականների։ Այսինքն՝ նկատի ունեմ, որ այն, ինչ նրանք Հայաստանում հայտարարել են, պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը չէ»,- նշեց Դավիթ Հարությունովը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմաններին իրականացվող ռազմական ագրեսիային և այդ համատեքստում Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների ընդհանուր դիրքորոշմանը և քայլերին, քաղաքագետը նկատեց՝ այստեղ կա մրցակցություն, ավելին՝ ԱՄՆ-ը չի վիճարկում Ռուսաստանի որոշակի դերակատարումը Հարավային Կովկասում, նույնիսկ չի էլ փորձում ամբողջովին նրան դուրս մղել տարածաշրջանից, քանի որ այդ դեպքում որոշակի պարտականություններ պետք է իր վրա վերցնի անվտանգության ապահովման ոլորտում, այս պահին նրանց տարածաշրջանն այնքան էլ չի հետաքրքրում։
«Այդուհանդերձ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև որոշակի մրցակցություն կա, բայց այդ մրցակցությունը բովանդակային բնույթ չի կրում, այլ ազդեցության դերի բարձրացման համար է, բայց սահմաններին տեղի ունեցողի վերաբերյալ նրանք դիրքորոշում ունեն։
Այդուհանդերձ, գործնականում բոլոր կենտրոններն էլ շահագրգռված են, որ սահմանները բացվեն, նույնիսկ Չինաստանը, որը տարածաշրջանում այդքան էլ ակտիվ չէ։ Սակայն այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան ճանապարհների բացումը տարբեր կերպ են ընկալում։ Կա նաև մոտեցում՝ բալանսավորելու Հայաստանի շահը, որտեղ պետականության գոյության հարց է դրված և Ադրբեջանի ցանկությունները՝ այս մոտեցման մեջ են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և ԵՄ-ն»,- շեշտեց Դավիթ Հարությունովը։
Քաղաքագետն ընդգծեց՝ դժվար է ասել, թե ինչ պայմանագրով կավարտվի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի հրահրած ռազմական ագրեսիան, թեպետ ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանը կզիջի՞, թե՞ չէ։ Խնդիրն այստեղ բոլորովին էլ «խաղաղության պայմանագիրը» չէ, քանի որ կա բանակցությունների մի քանի բլոկ, և խնդիրն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր կերպ են մեկնաբանում այն ամենը, ինչի շուրջ բանակցում են։
«Եթե ենթադրենք, որ ինչ-որ փուլում Հայաստանը կընդունի Ադրբեջանի պահանջները, և եթե այս փուլում Ադրբեջանը հասնի իր նպատակին, գուցե նրա կողմից ռազմական ճնշումը մի քիչ թուլանա։ Օրինակ, կոմունիկացիաների բացման համար Ադրբեջանն իր պատկերացումներն ունի, որը Հայաստանը դեռևս չի ընդունում, դրա համար չգիտենք՝ կգա՞ն պայմանավորվածության, թե՞ ոչ։ Եթե Հայաստանը չգնաց զիջումների, Ադրբեջանը ռազմական ճնշումները Հայաստանի վրա կշարունակի, ու հնարավոր է, որ ինչ-որ փուլում դա ավելի լայնածավալ բնույթ կրի։ Այս ամենը շատ կախված է լինելու գլոբալ գործընթացներից, քանի որ Ադրբեջանը կիրառում է հետևյալ մարտավարությունը, երբ որոշակի խաղացողները կենտրոնանում են որևէ խնդրի վրա, Ադրբեջանն առիթից օգտվում է և անցնում է գործի»,- եզրափակեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում, մասնավորապես, նշված է. «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ:
Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա»: