Հեռացավ Երևան քաղաքի ըմբոստ դատախազը. Խաչատուր Սուքիասյանը պետք է որ շատ գոհ լինի
Երեկ աշխատանքից ազատվեց Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը, ով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ նշանակվել էր զինվորական դատախազի տեղակալ, սակայն հրաժարվել էր զբաղեցնել այդ պաշտոնը:
Այսօր արդեն Աննա Վարդապետյանը պաշտոնապես աշխատանքից ազատեց մեկ գիշերով զինդատախազի տեղակալ (չ)աշխատած Սևակ Հովհաննիսյանին:
Մոտ 2.5 ամիս առաջ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի թիմակից համարվող Սևակ Հովհաննիսյանը ստացավ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, ասել է թե՝ գեներալի կոչում:
Սևակ Հովհաննիսյանը բավականին փորձառու դատախազ է և իր աշխատանքի ընթացքում աչքի է եկել համարձակ որոշումներով:
168.am-ը ժամանակին անդրադարձել էր Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի ձերբակալման հանգամանքներին, որի ժամանակ որոշիչ է եղել Սևակ Հովհաննիսյանի միջամտությունը:
Հիշեցնենք, որ 2021թ. հուլիսի 18-ին կրակոցներ էին հնչել Երևանի Ամիրյան փողոցում։ Հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։ Կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանն էր։
Դեպքի առնչությամբ աղմուկն այնքան մեծ էր, որ Քննչական կոմիտեն ստիպված եղավ հայտարարել, որ հրազեն կիրառողն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» ցուցակով պատգամավոր դարձած խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Ռոբերտ Սուքիասյանը: Այնուամենայնիվ, հաջորդ օրը Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց:
Եվ թեպետ Ռոբերտ Սուքիասյանը մի օր անգամ քրեակատարողական հիմնարկում չի անցկացրել, որովհետև նախ անմիջապես տեղափոխվել է քաղաքացիական բուժհիմնարկ, ապա ամիսներ անց ազատ արձակվել, այս ձերբակալության պատմությունը խոստանում էր դառնալ այդ շրջանի սկանդալը, եթե միայն Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանի սկզբունքային դիրքորոշումը չկանխեր դա:
Առկա փաստերի առկայության պարագայում դատախազության ճնշման արդյունքում քննիչը որոշում է կայացնում ձերբակալել Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին, ՀՀ ՔԿ Կենտրոնի բաժնից գործի նյութերը փոխանցվում են ՀՀ ոստիկանություն, որպեսզի վերջինս ի կատար ածի ձերբակալման որոշումը, ինչի մասին հիշատակում կա նաև վերը բերված ՔԿ հաղորդագրության մեջ:
Այստեղ արդեն տեղի է ունենում ամենահետաքրքիրը: Ռոբերտ Սուքիասյանի գործը քննող քննիչը, մեր տեղեկություններով, գնում է ոստիկանության կենտրոնի բաժին՝ ասելով, որ ցանկանում է վերցնել որոշումը, որպեսզի ինչ-որ ուղղում կատարի, և երբ նրան են փոխանցում փաստաթուղթը, վերջինս անհետանում է:
Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության այն ժամանակվա պետ Անրի Վարդանյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի՝ արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի փեսան էր, իսկ ինքը՝ Ջհանգիրյանը, Խաչատուր Սուքիասյանի խնամին է:
Բայց նույնիսկ այդ հանգամանքը խոչընդոտ չի հանդիսանում Սևակ Հովհաննիսյանի համար:
Որուշումն անհետանալուց հետո որոշում են ներքին կարգով այն վերադարձնել, որ աղմուկ չբարձրանա, սկսվում են երկար ու բարակ բանակցություններ՝ ձերբակալման որոշումը վերադարձնելու հարցով, սակայն նախաքննական մարմինը հրաժարվում է ոստիկանությանը վերադարձնել այդ փաստաթուղթը, ավելին՝ ասում են, որ չկա նման որոշում, և վերջ:
Խնդիրը հասնում է դատախազության վերին օղակներին, և Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը հարցը կտրուկ է դնում՝ կա՛մ փաստաթուղթը կվերադարձնեն, կա՛մ քննիչի այդ արարքն ու դրան հետևած գործողությունները կունենան քրեաիրավական հետևանքներ: Սրանից հետո միայն ձերբակալման որոշումը վերադարձվում է ոստիկանությանը, և Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվում է:
Սևակ Հովհաննիսյանն այլևս Երևան քաղաքի դատախազը չէ. Խաչատուր Սուքիասյանը պետք է որ շատ գոհ լինի: