Ի՞նչ է հորդորել Բլինքենը Միրզոյանին ու Բայրամովին նյույորքյան եռակողմ հանդիպման ժամանակ
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենը հյուրընկալեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ վերջին մարտերից հետո առաջին ուղիղ բանակցությունների համար»,-այս մասին տեղեկացնում է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը: Նա հավելելում է, որ պետքարտուղար Բլինքենը ցավակցություն է հայտնել զոհվածների համար և ընդգծել հետագա ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը։ «Նրանք քննարկել են հետագա քայլերը, և քարտուղարը հորդորել է կողմերին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ»,-նշում է Փրայսը:
Եռակողմ նախարարական հանդիպման բացման խոսքում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը մասնավորապես ասել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերներին այսօր այստեղ գտնվելու համար։ Ես ուզում եմ սկսել պարզապես մեր անկեղծ ցավակցությունները հայտնելով անցյալ շաբաթ տեղի ունեցած վերջին մարտերում զոհվածների կամ վիրավորների ընտանիքներին և ընկերներին: Մեզ ոգևորում է այն փաստը, որ մարտերը դադարեցվել են, և վերջին մի քանի օրվա ընթացքում որևէ լրացուցիչ ռազմական գործողություն չի եղել։ Թե՛ վարչապետ Փաշինյանի և թե՛ նախագահ Ալիևի հետ իմ վերջին զանգերի ժամանակ երկու առաջնորդներն էլ ինձ ասացին, որ պատրաստ են խաղաղության։
Ուժեղ, կայուն դիվանագիտական ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է բոլորի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները ռազմական լուծում չունեն: Բայց, կարծում եմ, կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով: Միացյալ Նահանգները պատրաստ է անել ամեն ինչ՝ աջակցելու այդ ջանքերին: Եվ ես երախտապարտ եմ իմ երկու գործընկերներին, որ այսօր այստեղ են՝ շարունակելու այս զրույցը»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳն տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։