Փելոսիի այցի գլխավոր ուղերձը. «ԱՄՆ-ը ռեգիոնին սկսում է վերաբերվել՝ որպես ռազմավարական»

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի երկօրյա այցը Հայաստան, թեև երեկ ավարտվեց, սակայն այն դեռ երկար կքննարկվի: Քննարկումների գլխավոր հարցը հետևյալն է՝ արդյո՞ք ՀՀ-ն դուրս է գալիս ՌԴ ազդեցությունից և հայտնվում ամերիկյան «հովանու» ներքո: Նախօրեին ՀՀ ԱԺ-ում Նենսի Փելոսիի հնչեցրած որոշ ուղերձներ լույս սփռեցին այս քննարկումների ու խոսակցությունների վրա: Փելոսիի գլխավոր ուղերձները նախ ներկայացնենք թեզերով.

  • «ԱՄՆ-ը ձգտում է ԼՂ հակամարտության բանակցային, խաղաղ և տևական լուծման:
  • ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները Կոնգրեսի անունից մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ։ Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, հստակ և վաղուց ի վեր ԱՄՆ-ը նշել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, և մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին և ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային խաղաղ և տևական լուծում լինի ԼՂ հակամարտությանը:
  • Հայաստանի ժողովրդավարությունը մի բան է, որն ուրախությամբ են ընդունում ժողովրդավար աշխարհում և անչափ կարևորում են այն։ ԱՄՆ-ը որևէ ասելիք չունի այդ կառույցների (Ռուսաստան, ՀԱՊԿ.- հեղ.) հետ ՀՀ շփումների վերաբերյալ, սակայն Հայաստանի ժողովրդավարությունը, Հայաստանի ինքնիշխանությունն ու ՀՀ տարածքային ամբողջականությունն ԱՄՆ-ի համար կարևոր հարցեր են, և ԱՄՆ-ը ցանկանում է այդ ուղղությամբ իր գործուն աջակցությունն ունենալ։Որոշումը, անշուշտ, Հայաստանն է կայացնում։
  • Այցի կարևորությունն ու արժևորությունը նաև նրանում է, որ այստեղ ենք լսելու, հասկանալու համար, թե ի՞նչ կարող ենք անել, ի՞նչ կարող է ակնկալվել ԱՄՆ-ից՝ տնտեսական, անվտանգային հարցերով։
  • Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի, պատմական հուշակոթողների նկատմամբ վերաբերմունքի հարցերը վաղուց ի վեր ԱՄՆ ուշադրության կենտրոնում են»:

Նախօրեին նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հեռախոսազրույցում կոչ էր արել պահպանել հրադադարի ռեժիմը և հետ քաշել զորքերը։

«Պետքարտուղար Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների դադարեցումը։

Նա նախագահ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը, հետ քաշել զինված ուժերը և աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի միջև բոլոր չլուծված հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Այսօր հայտնի դարձավ, որ Նյու Յորքում Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով հանդիպում է տեղի ունենալու:

168.amեվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը, գնահատելով Փելոսիի այցը՝ նշեց, որ անկախ նրանից, թե երբ էր այն կազմակերպված, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակում այցը հստակ աջակցություն էր ԱՄՆ-ից Հայաստանին:

Նրա խոսքով, եղան մինչև անգամ հասցեական հայտարարություններ, որն ազդանշան է, որ համանախագահող երկրի վեկտորն է փոխվել, և դիվանագիտական պարիտետը խախտվել է՝ հօգուտ Հայաստանի:

«Կա հստակ փոփոխություն ամերիկյան դիվանագիտական հռետորաբանությունում ու որոշումներում: Փելոսիի այցն ինքնին կարևոր էր, սակայն այցի ընթացքում կարծես պարզ դարձավ, որ ամերիկյան կողմը դիտարկում է, որ «գնդակը հայկական դաշտում է», և պնդում, որ որոշողը Հայաստանի Հանրապետությունն է, ՀՀ-ն է, որ պետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականությունը, քանի որ ՀՀ-ն ՌԴ-ի հետ ինտեգրված կառույցներում է ու ՌԴ դաշնակիցն է:

Սա նաև նուրբ իրավիճակ է Արևմուտքի համար, քանի որ աշխարհը բաժանված է երկու մասի, և ակնկալվում է, որ դիրքորոշումները հստակ պետք է լինեն, սակայն ՀՀ-ն չի հայտարարել նման բանի մասին: Բայց ԱՄՆ-ում կան ակնկալիքներ, որ ՀՀ-ն կհայտնի իր պատկերացումները, և այցի գլխավոր հարցը, կարծես, դա էր: Բայց Հայաստանի իրավիճակն այնպիսին է, որ նույնիսկ ցանկության դեպքում նման բաները չեն կարող հստակ հայտարարվել: Դա գուցե տեղի ունենա ՌԴ իրավիճակի թուլացման դեպքում»,- նշեց վերլուծաբանը:

Չնայած դրան, նա նաև ասաց, որ ԱՄՆ քաղաքականությունը փոխվել է ոչ միայն հայ-ամերիկյան հարթությունում, այլև ռեգիոնում: Նրա խոսքով, ԱՄՆ-ի հայացքը Հարավային Կովկասի նկատմամբ լիովին փոխվել է, ԱՄՆ-ը առանձին դիվանագիտական ջանքեր է սկսել, ու միտումն այն է, որ խորանալու է:

«ԱՄՆ վերջին շաբաթների քաղաքականությունը վերլուծելիս՝ տպավորություն է, թե Հարավային Կովկասը ռազմավարական տարածաշրջան է դարձել ԱՄՆ-ի համար, որտեղ նրան հենակետային երկրներ են հարկավոր լինելու: ԱՄՆ Պետքարտուղարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է այս ուղղությամբ: Այս քաղաքականությունը պայմանավորված է թե թուրք-ամերիկյան, թե իրանա-ամերիկյան ու ռուս-արևմտյան հարաբերություններով ու սպասվող վերադասավորումներով: Տարածաշրջանի պատկերը լիովին կարող է փոխվել: Բայց դա կախված է մի շարք այլ հանգամանքներից ևս»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս