Բաժիններ՝

Հագուստի, տեխնիկայի հավաքագրում իրականացվում է թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում՝ հաճախ առանց նախարարությունների հետ կապ պահպանելու

Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական զինված հարձակման հետևանքով պետական կառույցներին զուգահեռ՝ քաղաքացիները ևս փորձում են օգնել թե՛զինվորներին, թե՛ սովորական քաղաքացիներին, որոնց բնակարանները վնասվել են հրետակոծությունից, և ստիպված են եղել լքել այն:

Հագուստի, տեխնիկայի հավաքագրում իրականացվում է թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում:

Միասնական թիկունք-Անառիկ հայրենիք ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 17-ին հաղորդագրություն էր տարածվել, որ անհրաժեշտ են կար անողներ՝ քնապարկեր կարելու համար:

«Այս պահին ամբողջ առաջնագծից մեզանից ոչ սնունդ են ուզում, ոչ ջուր, ոչ դեղորայք: Առաջնային անհրաժեշտ են քնապարկեր, անվադողեր և շինարարական գործիքներ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք նաև

Դիլիջանից Նունե Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում ցուցակ է հրապարակել՝ հայտնելով, որ անհրաժեշտ են անվադողեր, ավտոմեքենայի յուղի տակառներ՝ 200 լիտր, գործիքներ՝ լոմ, քլունգ, բահ, ավազի պարկ, գեներատորներ 1-1․5 կվտ, լամպեր, ռացիաներ, դռոններ (Mavic 2, Mavic 3 և այլն), գիշերային տեսանելիության սարքեր, քողարկման ցանցեր՝ – սկսում ենք պատրաստել ինքներս, անհրաժեշտ են կամավորներ։ Անհրաժեշտ է նաև քնապարկ, անձրևանոց (дождевик), կամավորներ՝ կար ու ձև անողներ, իրենց կարի մեքենաներով, պատգարակներ, ժգուտներ:

Որոշ անհատներ կատարում են նաև դրամահավաք՝ դիտարկման և այլ սարքավորումներ գնելու համար:

«Սև Արծիվներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունն էլ տեղեկացրել է, որ գորիսեցիների և հարակից գյուղերի բնակիչների համար արագացված ռազմական դասընթացներ են անցկացնում: Եթե կան մարդիկ, ովքեր կցանկանան արագացված դասեր անցնել, սովորել զենք բռնել, տակտիկական հնարքներ կիրառել, պաշտպանվել և վերջ ի վերջո հարձակվել, կարող են: Մենք պատրաստակամ ենք այս ժամանակավոր հրադադարը ի օգուտ մեզ և ձեզ օգտագործելու»,- նշված է ՀԿ հաղորդագրության մեջ:

«Մարշալ» խանութներից էլ տեղեկացրել են, որ կարող են անվճար վերցնել մեկ գլխարկ, մեկ ձեռնոց՝ զինվորին ուղարկելու համար: Կապ չունի՝ իրենց մոտից որևէ գնում կատարելո՞ւ են, թե՞ ոչ:

Քաղաքացիներից Էդգար Խաչատրյանն էլ կոչ է արել բոլոր նախաձեռնություններին՝ քաղցրավենիք, փչացող սնունդ չհավաքագրել:

Նա տեղեկացրել է նաև, որ այս պահին անհրաժեշտ է տաք գլխարկ, ձեռնոց, արտաքին մարտկոց (Power Bank):

168.am-ի զրույցում կազմակերպիչների մի մասը հայտնեց, որ կապ պահպանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, մյուս մասն էլ հայտնեցին, որ միանգամից ինչ պետք է՝ դիրքեր են ուղարկում:

Էդգար Խաչատրյանից, օրինակ, հետաքրքրվեցինք՝ այն, ինչ հավաքում են, ուղարկում են համայնքապետարա՞ն, թե՞ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ են կապ պահում, նա տեղեկացրեց, որ քաղաքապետարան չի ուղարկում, իսկ նախարարության հետ կապ պահում է:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ այս պահին սնունդ չեն հավաքագրում:

Աբովյանում ևս հայտարարություն է տարածվել տաք հագուստ՝ տաբատներ, սվիտրներ, գլխարկներ (մուգ գույների մեջ) հավաքագրելու և դիրքեր ուղարկելու մասին:

Կազմակերպիչները մեզ հետ զրույցում տեղեկացրեցին, որ դա չի կարգավորվում քաղաքապետարանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով: Կապ պահում են դիրքերում գտնվող տղաների հետ:

Ամբողջը համակարգված իրականացնում է մեծ թիմ, այդ թվում՝ «Հանուն սահմանի» կազմակերպությունը, «Միասնական թիկունք, անառիկ հայրենիք» նախաձեռնությունը և այլ խմբեր, որոնք իսկապես գիտեն, թե որտեղ ինչի կարիք կա:

Խմբի անդամները հայտնեցին, որ ավելի շատ քնապարկերով, քողարկման ցանցերով, բահերով, շինարարական տարբեր պարագաներով են փորձում ապահովել: Փորձում են ուղարկել նաև տաք հագուստ: Օրինակ, առաջնագծի ամրաշինական աշխատանքների համար «Միասնական թիկունք, անառիկ հայրենիք»-ի փոխանցմամբ՝ հրատապ անհրաժեշտ են շպալներ, գերաններ, «արմատուրաներ» ու «կատանկաներ», «շվելերներ» ու «կվադրատներ». Պադոններ, մետաղյա յուղի տարաներ:

Հավելենք, որ դեռևս սեպտեմբերի 14-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարությունները հորդորել էին դադարեցնել սնունդ, հագուստ հավաքագրելը:

Տեսանյութեր

Լրահոս