Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարությունները հորդորում են դադարեցնել սնունդ, հագուստ հավաքագրելը
Երևանի Թումանյան 42 հասցեում Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ հավաքվում են անհրաժեշտ իրեր (չոր սպիրտ, քաղցրավենք, ծխախոտ, կրակայրիչ և այլն) սահման ուղարկելու համար։
ՀՀ առողջապահության նախարարությունը, մշտապես գնահատելով քաղաքացիների կամավորական նախաձեռնությունները և աջակցությունները, հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով: Այս պահին դրանց հավաքագրման անհրաժեշտությունը չկա:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ էլ նշված է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ մեկնարկել են որոշ մասնավոր նախաձեռնություններ, որոնց շրջանակում հավաքագրվում է սնունդ, հագուստ և առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով։
Նախարարությունից հայտնել են, որ այս պահին չկա նման անհրաժեշտություն, և հորդորում՝ դադարեցնել ցանկացած նման գործընթաց՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար․ պետությունը՝ ի դեմս պատասխանատու գերատեսչությունների, շարունակում է ապահովել անհրաժեշտ կարիքների բավարարումը։ Ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս նախարարությունը հորդորել է յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել իրենց հետ:
168.am–ը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական բաժնից հետաքրքրվեց՝ արդյո՞ք արդեն կապ հաստատել են նախաձեռնությունների կազմակերպիչների հետ, պատասխանեցին, որ այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: