Ինչ են քննարկել ԱԺ ընդդիմության ներկայացուցիչները Նենսի Փելոսիի հետ փակ հանդիպման ժամանակ. ՈՒՂԻՂ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր հանդիպեց Ազգային Ժողովի ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորների հետ։
Մոտ 1.5 ժամ տևած փակ հանդիպումից հետո պատգամավորները որոշ մանրամասներ փոխանցեցին․
«Շատ հստակ փոխանցեցինք մեր դիրքորոշումը, որ Ադրբեջանը, որը շարունակական շարունակում է պատերազմը, մեզ համար անընդունելի է ամերիկյան պետության աջակցությունն Ադրբեջանին, խոսքը նաև ռազմաքաղաքական աջակցությունն է։ Դրանից Ադրբեջանը դառնում է ավելի սանձարձակ, ավելի լկտի և շարունակում է ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ։ Խոսեցինք 907 բանաձևի մասին և հաջորդ տարի օգնություններն ու օժանդակությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին․․․
907 բանաձևի մասին ասացին, որ քննարկելու են, որ միայն հայտարարություններով չեն բավարարվելու, որ վերադարձից հետո Կոնգրեսում քննարկվելու և բարձրաձայնվելու են այս խնդիրները»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ նշեց, որ քննարկման տևական հատվածը վերաբերել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին, Մինսկի խմբի աշխատանքների վերսկսմանը և դրանց ճիշտ ուղղու վրա դնելու մասին հարցին․
«Ասել է թե՝ Մադրիդյան սկզբունքներին, որոնք առաջին հերթին մեր երկրի համար ներառում են ինքնորոշման իրավունքը․․․»։
Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ արդյոք դիտարկումներ եղե՞լ են, հաշվի առնելով նաև այսօր ԱԺ-ում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությունը՝ Հայաստանի ժողովրդավարության, ինչպես նաև թավշյա հեղափոխության վերաբերյալ, Հայկ Մամիջանյանը մեջբերեց փակ հանդիպման ժամանակ իր ելույթից մի հատված․
«Փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն է, որևէ աղերս չունի իրականության հետ, բայց այն փաստը, որ տիկին խոսնակը համարում է, որ Հայաստանին անհրաժեշտ է օգնել այն պատճառով, որ ՀՀ-ում ժողովրդավարություն է, դա կասկածի տակ դնել գոնե այս փուլում՝ մենք չենք հերքի։ Տիկին խոսնակին ներկայացվել են բոլոր այն փաստերը, այն ոտնձգությունները, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հանդեպ։ Եթե ԱՄՆ-ը Հայաստանի Հանարպետությանն օգնում է, այդ թվում նաև այն պատճառով, որ Հայաստանը համարում է ժողովրդավարական, շատ շնորհակալ ենք այդ օգնության համար, բայց իրականում Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ահռելի ծավալով հետընթաց է․․․»։
Հիշեցնենք, որ, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պաշտոնական այցով Երևան է ժամանել երել։ Նա այսօր առավոտյան այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Ազգային ժողովում ԱԺ նախագահի հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկել, Երևանի Գաֆէսճյան կենտրոնում հանդես եկել ելույթով, ինչպես նաև հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։
Նշենք, որ ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում