«Արդյոք կլինե՞ն սանկցիաներ Ադրբեջանի դեմ, թե՞ Եվրոպային կամ Ամերիկային այնքան էլ «հարմար» չէ ինչ-որ բան ասել այս իրավիճակի մասին»․ Տիգրան Համասյան
Հայտնի հայ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ագրեսիային ու պատմել հետեւողներին սահմանին կատարվող իրադարձությունների մասին։ Համասյանը տեղեկացրել է, որ որոշել է չչեղարկել նոյեմբերին սպասվող իր շրջագայությունը, որպեսզի երաժշտության միջոցով կարողանա սփոփել իր հանդիսատեսին։
«Սեպտեմբերի 13-ից սկսած այնպիսի զգացողություն էր մոտս, որ ուզում էի նստել տանն ու հետաձգել իմ կյանքի բոլոր ծրագրերը, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ հանկարծ լուծումը գտա երաժշտության ստեղծման ու հնչյունների մեջ․ այս գործընթացն օգնում է, որ ողջամիտ մնամ հուսահատության այս ժամանակաշրջանում․․․ Գուցե, իմ լսարանին էլ է պետք նման սփոփանք երաժշտության միջոցով։ Այսպիսով, ուզում եմ տեղեկացնել, որ նոյեմբերին՝ Միացյալ Նահանգներում ու Կանադայում նախատեսված իմ շրջագայություններն ուժի մեջ են»,- գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտը: