Արաբները թուրք տեսակին չեն վստահում, իսկ հայերի հանդեպ մեծ հարգանք ունեն, ու այս հակասությունից պետք է օգտվել. Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղար
«Արաբական մի շարք երկրներ՝ Սիրիան, Եգիպտոսը, Լիբիան, Արաբական ծոցի երկրները, Հայաստանին կարող են օգնել, եթե հաստատված հարաբերությունները խորացվեն: Կարծում եմ՝ օգնությունը կարող է լինել թե՛ տնտեսական, թե՛ զենք վաճառելու առումով: Ու սա, ոչ թե գրավոր դիմումներով, այլ հարաբերություններն անաղմուկ կարգավորելու և դրանց վրա հիմնվելով պետք է արվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը՝ ընդգծելով, որ արաբների հետ համագործակցելը հեշտ կլինի, քանի որ հայերին շատ են վստահում:
«Արաբները թուրք տեսակին չեն վստահում, իսկ հայերի հանդեպ մեծ հարգանք ունեն, ու այս հակասությունից պետք է օգտվել: Ես առանց բացառության բոլորին կարող եմ համոզել՝ օգնել: Կազմակերպված աշխատանք է պետք տանել: Կօգնեն մեզ, եթե պետական կամք գտնվի, որ չստացվի այնպես՝ էլի շարունակենք մենակ մնալ, ու պարզվի, որ նեղ օրերում բարեկամ երկիր չունենք: Մեր մեծագույն խնդիրն այն է, որ միասնական չենք, առանձին-առանձին ենք գործում: Արաբները և հայերը բախտակից ժողովուրդներ են՝ գերեվարված, բռնություն, զրկանքներ և ցեղասպանություն տեսած։ Բայց լինելով միակրոն՝ թուրքերի հետ, տևական ժամանակ նրանք լռություն էին պահում, մինչև որ հասկացան թուրքի հրեշ լինելն ու իսլամի ծածկույթի տակ կեղծորեն քողարկվելը։
Այսօր արաբ ժողովուրդների կեցվածքն ի նպաստ հայերի է։ Արաբ մտավորականությունը հասկացել է, որ թուրքն է հայերի և արաբների միասնական թշնամին, և, որ միասնական ուժերով է հնարավոր դիմակայել թուրք իշխանությունների՝ արաբական երկրներում ծավալվող ոտնձգություններին։ Օրինակ՝ Սիրիայում, Եգիպտոսում և Լիբիայում թուրքերի իրականացրած ահաբեկչական գործողությունները կանխազգալով՝ մենք հաճախ զգուշացնում էինք արաբ եղբայր ժողովուրդներին ու պետություններին»,- հավելեց Վահե Մահշիկյանը:
Նրա խոսքով՝ կարևոր է արաբների հետ լավացնել տնտեսական հարաբերությունները:
«Տնտեսական բնույթի մեծ ծրագրեր պետք է իրականացնեն արաբական երկրների հետ՝ ներառելով Հայաստանի ամբողջ տարածքը: Արաբները շատ են գնահատում հայերի հավատարմությունը և ձեռք բերած հմտությունները տարբեր ոլորտներում»,- նշեց Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի գլխավոր քարտուղարը: