«Տո՛, դո՞ւք եք պետությունը, որ պետության հացը ձրի ուտում եք». Սարգսյանը՝ Փաշինյանի իշխանությանը

Նիկոլ Փաշինյանի շուրջ չի՛ կարելի համախմբել, չէ՞ որ այդ անձն այն ֆիգուրն է, որի արարքների պատճառով մենք ունեցել ենք պատերազմ, չի կարելի, որովհետև այդ մարդու հրամանատարությամբ մենք ունեցել ենք պարտություն, մարդկային ու տարածքային կորուստներ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով պատերազմական գործողությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի շուրջ համախմբվելու՝ իշխանական պնդումների մասին, նման տեսակետ հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ շեշտելով.

«Տեսակետները բաժանվում են երկու մասի՝ մի դեպքում ասում են, որ երկիրը պատերազմի մեջ է, և պետք չէ լրացուցիչ անկայունություն, ուստի պետք է համախմբվել։

Մյուս դեպքում, հարց է առաջանում՝ իսկ եթե հենց այս մարդկանց գործունեության ընթացքում ենք մենք ունեցել պատերազմ, տարածքային և մարդկային կորուստներ, այդ դեպքում ինչպե՞ս կարելի է երկրորդ անգամ համախմբվել նույն մարդկանց շուրջ։

Կարդացեք նաև

Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն ապացուցել է՝ ոչ միայն պատերազմ վարելու, այլ անգամ խաշ եփելու գործը չի՛ կարող իր ավարտին հասցնել։ Հետևապես, պետք է համախմբվել Նիկոլ Փաշինյանի շուրջն ասողներին ասում եմ՝ ո՛չ, չի կարելի դա անել, դա կնշանակի՝ համախմբվել ապագա պարտության շուրջ. ոչ՛, չի՛ կարելի նման բան անել»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով՝ անբուժելի հիվանդ են այն իշխանավորները, որոնք հիմա իրենց նույնականացնում են պետականության հետ ու կոչ անում համախմբվել իրենց շուրջ։

«Եթե իշխանությունն իրեն նույնականացնում է պետականության հետ, դա նշանակում է՝ անբուժելի հիվանդ է։ Ի դեպ, այստեղ տեղին է հիշել «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը, որտեղ հնչում է հայտնի նախադասությունը՝ «Տո, դո՞ւք եք պետությունը, երկու մատով կխեղդեմ»։ Հենց այս հայտնի նախադասությամբ եմ ուզում պատասխանել հիմա իրենց պետականության հետ նույնականացնող այս իշխանավորներին ու ասել՝ «Տո՛, դո՞ւք եք պետությունը, որ պետության հացը ձրի ուտում ու ձեզ պետականության հետ եք նույնականացնում»,- ասաց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս