«Երեկ ժամը 15։00-ի սահմաններում խաղաղ բնակիչը ոտքից է վիրավորվել՝ մինամյոտի ասկոլկան է մի քանի տեղից խփել». Վերիշենի գյուղապետ
Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում այս պահին թշնամու հասցրած վնասներն են հաշվում։
Վերիշենի գյուղապետ Արտակ Զադայանի խոսքով՝ այդ բոլոր վնասները վերականգնելի են, կարևորը՝ բնակչությունից զոհեր չեն եղել։
«Ներկա պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ Վնասներն էլ նկարել ուղարկել ենք պատկան մարմիններին։ Թշնամու կրակոցների հետևանքով վնասվել է չորս շինություն, մի հատն էլ Ակներում է վնասվել, որը Վերիշենին կպած է։ Վնասվել է նաև գյուղից վերև գտնվող մի քանի հեկտար այգի և մեկ անասնագոմի տանիք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Զադայանը։
Ըստ նրա, այն տները, որոնք վնասվել են, բնակիչներին տեղավորել են այլ տներում, մինչև դրանք վերանորոգեն։ Գյուղապետը վստահեցրեց, որ այս առումով խնդիրներ չունեն։
«Երեկ երեկոյան ժամը 20-21-ն ընկած ժամանակահատվածից հետո կրակոցներ առհասարակ չի եղել։ Երեկ ժամը 15։00-ի սահմաններում բնակիչներից մեկը թշնամու կրակոցից վնասվածք է ստացել, վիրավորումը բեկորային է, կյանքին վտանգ չի սպառնում։ Խաղաղ բնակիչը ոտքից է վիրավորվել, մինամյոտի ասկոլկան է մի քանի տեղից խփել, այս պահին հիվանդանոցում է»,- եզրափակեց Արտակ Զադայանը։
Նշենք, որ ՊՆ խոսնակն առավոտյան հայտնել էր, որ գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 105 զոհ։ Բաքուն էլ երեկ իր հերթին հայտարարեց, որ պատրաստ է միակողմանիորեն Կարմիր Խաչի միջոցով հայկական կողմին փոխանցել 100 հայ զինծառայողի դի։