Բաժիններ՝

Ինքնագլորներից էինք փախչում, հիմա էլ մոտոներից ենք փախչելու ու մեքենաները փախցնելու. քաղաքացիները՝ Երևանում գործարկված մոտոպարեկային ծառայության մասին

Երևանում մի քանի օր է, ինչ գործարկվել է մոտոպարեկային ծառայությունը։ Նրանք կհետևեն երթևեկության կանոնների պահպանմանը, կփորձեն վերացնել խցանումները և կարգավորել ճանապարհներին ծագող մի շարք խնդիրներ:

«Կարծիք կա, որ մոտոցիկլետով պարեկները շատ ավելի արագ կմոտենան վթարի վայր, քան Ճանապարհային ոստիկանության մեքենաները, որոնք հաճախ մնում են խցանման մեջ: Կկիրառվի սա, կհասկանանք՝ արդյոք այդպե՞ս է, թե՞ ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:

Մեկ ուրիշն էլ հույս հայտնեց, որ չամրակապված, հեռախոսով խոսող վարորդներին ի վերջո կնկատեն մոտոցիկլով շրջող պարեկները:

«Չամրակապված լինելու, ծխելու, հեռախոսով խոսելու պատճառով է, որ ավտովթարներ են լինում, զոհեր ենք ունենում»,- ասաց մեր զրուցակից վարորդը:

Կարդացեք նաև

Շատերի համար այս նոր ծառայությունը ոչինչ չի փոխի, ավելին, կարծում են, որ երթևեկությունը կարգավորելու փոխարեն՝ խոչընդոտելու են:

«Թե, ինքնագլորներից էինք փախչում, հիմա էլ մոտոներից ենք փախչելու ու մեքենաները փախցնելու»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է օգտատերերից մեկը:

Մեկն էլ կարևորել է պատերազմական այս իրավիճակում զենք ձեռք բերելու հնարավորությունը, երբ թշնամին կրկին հարձակում է գործել Հայաստանի դեմ:

«Հիմա էլ պետք է թանկանոց մոտոցիկլետներ գնեն բյուջեի հաշվին: Զենք ու զինտեխնիկա գնեք: Պատերազմ է, փոխանակ կոպեկ-կոպեկ հավաքեն, որ մի զենք ավելի առնեն, մոտոցիկլետ են առնում»,- նշել է օգտատերերից մեկը:

Մեր տեղեկություններով՝ մոտոցիկլետները Ճանապարհային ոստիկանությանն են պատկանում, որոնք օգտագործվել են ուղեկցման համար։

Տեսանյութեր

Լրահոս