
ԿՄԽԿ-ն հաստատում է՝ Բաքուն տեղեկացրել է զոհված 100 հայ զինծառայողի դի Երևանին փոխանցելու մտադրության մասին․ «Փաստինֆո»

Բաքուն տեղեկացրել է ԿՄԽԿ-ին՝ զոհված 100 հայ զինծառայողի դի Երևանին փոխանցելու մտադրության մասին: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի բանտարկյալների եւ անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ են միակողմանիորեն Երևան տեղափոխել շուրջ 100 հայ զինծառայողի դի: Ըստ հրապարակումների՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին արդեն տեղեկացրել են Բաքվի մտադրության մասին։
«Փաստինֆո»-ն կապ է հաստատել ԿՄԽԿ հայաստանյան գրասենյակի հետ՝ պարզելու տեղեկության իսկությունը և արդյո՞ք բանակցություններ տարվում են, որտեղից նշեցին. «Ինչպես գիտեք, ԿԽՄԿ- չի տանում բանակցություններ, այլ երկխոսություն մարդասիրական հարցերով կողմերի հետ։ Ինչ վերաբերում է տեղեկացնելուն, ապա այո, կարող եմ հաստատել»: