«Այս պահին կրակոցներ չկան՝ առայժմ իրավիճակը հանգիստ է». Կութի վարչական ղեկավար
Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր, ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։
168.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանը տեղեկացրեց, որ առայժմ գյուղի ուղղությամբ իրավիճակը հանգիստ է։
«Այս պահին կրակոցներ չկան, առայժմ իրավիճակը հանգիստ է»,- նշեց Կութի վարչական ղեկավարը։
Նշենք, որ Կութում սեպտեմբերի 13-ի գիշերը կանանց և երեխաներին տարհանել էին, քանի որ թշնամին թիրախավորել էր հենց գյուղը։
Այս պահին գյուղը զրկված է էլեկտրաէներգիայից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Նույն օրն ԱԺ-ում էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական կողմն ունի 49 զոհ, և այդ թիվը վերջնական չէ։ Վիրավորների և տարածքային կորուստների մասին որևէ տեղեկատվություն չի հաղորդվում։