Որոշել ենք դիմել ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին. Նիկոլ Փաշինյան
Մեր բանակը, զինվորը կռվել են անձնուրաց: ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի ձեռնարկած գործողություններին:
«Մարդկային այդ տեսակի վրա է հիմնված մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը: Եվ քանի դեռ կան նման մարդիկ, ովքեր վճռական պահին պատրաստ են սեփական կյանքը վտանգի տակ դնել՝ ընդհուպ զոհաբերել հանուն հայրենիքի, դա նշանակում է՝ ՀՀ-ն ունի և կունենա ինքնիշխանություն, Հայաստանի Հանրապետությունը և հայկական պետականությունը կլինի հարատև, և ՀՀ-ն կկարողանա հպարտ լինել իր զավակների համար»,- շեշտեց Փաշինյանը:
Նրա տեղեկացմամբ, այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է:
«Բայց մեկ-երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են: ՊՆ-ն, Գլխավոր շտաբը գնահատում են իրավիճակը, կորուստները, ճշգրտված տեղեկատվությունը պաշտոնապես կհրապարակվի: Այն պահից սկսած, երբ հայտնի էր դարձել հարձակման մասին, Անվտանգության խորհրդի անդամները հրավիրվել են ինձ մոտ, ԱԽ նիստ է տեղի ունեցել, որը մինչև լուսաբաց շարունակվել է»,- հայտնել է Փաշինյանը՝ հավելելով, որ մասնակցել են ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը և որոշել են դիմել ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: