Տարբեր տրամաչափի զենքերով հարվածներ` հայ ադրբեջանական սահմանի երկայնքով. Թարմացվող

Ադրբեջանը հարվածներ է հասցնում Հայաստանի սահմանների ուղղությամբ, մասնավորապես` Վարդենիսի (Սոթքի հատվածում), Գորիսի, Կապանի, Ջերմուկի հարակից դիրքերին:

168.am-ի Ջերմուկ քաղաքի աղբյուրների տեղեկացմամբ` ժամը 24:00-ից ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զենքերով է հարվածներ հասցնում: Հարվածների ձայները բավական լսելի են, բնակիչները փորձում են դուրս գալ շենքերից ու տեղավորվել նկուղներում։ Քաղաքացիների հետ դժվար է կապ հաստատել:

«Շտապ։ Պայթյուններ և մարտեր հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանական զինված ուժերը հարվածներ են հասցնում Վարդենիսի, Ջերմուկի և Գորիսի ուղղությամբ։ Այդ մասին տեղեկություններ են հայտնում սոցիալական ցանցերի հայ օգտատերերը։ Նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով պայթյունների ձայներ են լսվում։ Պաշտոնական տեղեկություն այդ ամեն մասին դեռևս չկա»,-այս մասին ահազանգ է հնչեցրել նաև Հրանտ Մելիք Շահնազարյանը։

«Ադրբեջանական զինված ուժերը հարձակում են սկսել նաև Կապանի ուղղությամբ, այդ թվում օգտագործելով անօդաչու թռչող սարքեր»,-այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Ըստ տեղեկությունների` ադրբեջանական զինված ուժերը հարվածներ են հասցնում նաև Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ։

168.am-ի աղբյուրները քիչ առաջ հաստատեցին, որ Գորիս քաղաքում այս պահին նույնպես Ադրբեջանը տարբեր զինատեսակներից հարվածներ է հասցնում, մարդկանց իջեցնում են նկուղներ, կիրառվել են անօդաչու թռչող սարքեր: Ըստ նույն աղբյուրների` հարվածներ են հասցվում նաև Սև լճի հատվածում:

Սիսիանի մեր աղբյուրների փոխանցմամբ` այս պահին Իշխանասարի ողջ երկայնքով թեժ մարտեր են ընթանում:

Ադրբեջանական զինված ուժերը հարվածներ են հասցնում նաև Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերի ուղղությամբ։

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ  խորհրդակցություն է հրավիրվել: Նա ավտոշարասյունով գնացել  է կառավարության շենք:

Ըստ տեղեկությունների` շուտով կհրավիրվի նաև Անվտանգության խորհրդի նիստ:

Տեսանյութեր

Լրահոս