«Թող որևէ մեկի մոտ տպավորություն չլինի, որ բոլոր հարցերը լուծված են՝ մշտապես սպասում ենք Ադրբեջանի կողմից սադրանքի». Ալեն Սիմոնյան
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո, անկյունաքարային ինչ հարցերի շուրջ է եղել անհամաձայնությունը, որի մասին խոսել էր նաև մեկ այլ իշխանական պատգամավոր՝ Արման Եղոյանը։
«Ես հիմա չեմ կարող մանրուքներ բացահայտել, գիտեմ՝ ինչի մասին է խոսքը, բայց չեմ կարող մանրուքներ բացահայտել։
Մենք մինչև օրս հիմնական բոլոր հարցերի առումով կարողացել ենք մեր դիրքորոշումը պահպանել։ Մեզ համար կան «Կարմիր գծեր», այդ գծերը հայտնի են Ադրբեջանին և հանրությանը՝ նույնպես։ Մենք շարունակելու ենք մնալ այդ տրամաբանության մեջ և աշխատել»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ սահմանային լարվածությունները մշտապես զուգորդվում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումներով, լինում են թե՛ հանդիպումներից առաջ, թե՝ հետո՝ լինում են բանակցությունների վրա որևէ ազդեցություն ունենալու նպատակով։
«Մեր ընկալումն ու վերաբերմունքն է՝ ուշի ուշով հետևել և ամեն րոպե պատրաստ լինել որևէ զարգացման։ Թող որևէ մեկի մոտ տպավորություն չլինի, թե մենք մտածում ենք, որ բոլոր հարցերը լուծված են։ Մենք մշտապես սպասում ենք, որ Ադրբեջանի կողմից կարող է լինել որևէ սադրանք»,- ընդգծեց ՀՀ ԱԺ նախագահը։
Ինչ վերաբերում է պատերազմ վերսկսվելու հավանականությանը, նա շեշտեց, որ նման գնահատական տալու իրավունք չունի, քանի որ չի կարող կանխատեսել։
Հարցին՝ սադրանքները գուցե «Զանգեզուրի միջանցք» ստանալու համար է անում Ադրբեջանը, որը մշտապես դրա մասին է խոսում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այդ հարցը նույնիսկ Հայաստանի համար քննարկելու ենթակա չէ, բոլոր կետերը, որոնք կան նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, Հայաստանը պատրաստ է և, մեծ հաշվով, կարելի է ասել, իրագործում է։
«Ադրբեջանական բեռները, ադրբեջանցիները կարող են տեղափոխվել Նախիջևան հայաստանյան և միջազգային օրենքներին համապատասխան, «միջանցք» ձևակերպումը չի կարող լինել, որովհետև այն չի կարող լինել ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ոչ որևէ բանակցային փաստաթղթի մեջ, հայաստանյան իշխանության համար այն հանդիսանում է «կարմիր գիծ»»,- նշեց ԱԺ նախագահը։
Միաժամանակ նա ասաց, որ այս ամենը Ադրբեջանի հետ բանակցությունների վրա չի ազդել, բանակցությունները շարունակվում են, և որևէ փակուղի չկա, հիմնական հարցերի վերաբերյալ ընկալումները հասկանալի են։
«Իրենք հնարավոր բոլոր տեղերով փորձելու են ճնշումներ գործադրել, մենք էլ բոլոր հնարավոր տեղերում այդ ճնշումները կանխել ենք, կանխելու ենք և առաջ ենք տանելու Հայաստանի ու Արցախի շահերը»,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը։