Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից չզրկելով՝ «բարի կամքի դրսևորում է ցուցաբերել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այն, որ ընդդիմադիր երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում քառօրյա նիստերին, խորհրդարանի աշխատանքներին չի վնասում, քանի որ ԱԺ-ն ամենաբարձր լեգիտիմություն ունեցող կառույցն է, իսկ ընդդիմությունը՝ խորհրդարանի պատմության մեջ ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունը։
Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելն օրենքի պահանջ է, և երբ պատգամավորների բացակայության թույլատրելի չափը լրանում է, նրանց օրենքի պահանջով պետք է զրկեն մանդատից։
«Նստաշրջանը պետք է ավարտվի, և մենք դրա մասին կարող ենք խոսել դեկտեմբերին։ Բայց ես վստահ եմ, որ նրանք ինչ-որ ձևով կամ «բժշկի թուղթ» ներկայացնեն, կամ ինչ-որ ձևով գան ու մասնակցություն ապահովեն, իբր, իրենց օրակարգով, թեև պարզ չէ, թե դա ինչ է նշանակում։ Իսկ տարվա վերջում, երբ ավարտվի նստաշրջանը, արդեն ըստ տվյալների՝ հարցը կմտնի խորհուրդ, և որոշում կկայացվի։
Խնդիրը գալիս է այն հռետորիկայից, որը նրանք որդեգրեցին ընտրությունների ժամանակ, հետագայում նաև փորձեցին օրակարգ բերել մի հարց, որը նորից չստացվեց»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք կառուցողական են եղել ընդդիմության հետ, քանի որ նրանց մանդատներից չեն զրկել, մինչդեռ կարող էին հարցն ուղարկել Սահմանադրական դատարան։
Նա տեղեկացրեց, որ ՔՊ վարչությունում այս հարցը քննարկել են, տարբեր կարծիքներ են հնչել, մի մասն ասել է, որ ընդդիմադիր պատգամավորներին պետք է հնարավորություն տրվի, որպեսզի նրանք վերադառնան ԱԺ, ինչին անձամբ ինքը դեմ է եղել։
«Ես կարող եմ մի բան ասել, որ մեջներից իրեն արժանապատիվ պահեց Արթուր Վանեցյանը, որը քաղաքական պատասխանատվությունը վերցրեց իր վրա։ Ես այնպես եմ տրամադրված, որ որևէ քաղաքական գործիչ չպետք է աշխատավարձ ստանա, իր օգնականները չպետք է աշխատավարձ ստանան, եթե գործի չեն գալիս։ Ինչո՞ւ են աշխատավարձ ստանում, սենյակներ զբաղեցնում, ինչո՞ւ են փակում քաղաքական դաշտն առողջ ուժերի համար , ես դա չեմ հասկանում ու չեմ ընդունում, այո։ Ես մեր քննարկումների ժամանակ ունեցել եմ այլ կարծիք, բայց ենթարկվել եմ իմ խմբակցության որոշմանը։ Բայց երկրորդ անգամ ավելի խիստ վերաբերմունք է լինելու»,- շեշտեց ԱԺ նախագահը։
Նա ընդգծեց, որ ընդդիմությանը ծափահարություններով ճանապարհել են ԱԺ նիստերի դահլիճից և պատրաստ են ծափահարություններով դիմավորել, ընդդիմությունն այլընտրանք չունի։