«Խաչի տոնից առաջ մեկշաբաթյա պահքի շրջանն է, որից դուրս են գալիս տոնական կերակուրներով, իսկ հաջորդ օրն այցելում ննջեցյալներին». Քահանա
Սեպտեմբերի 11-ին Հայ Առաքելական սուրբ եկեղեցին նշում է Խաչի գլխավոր տոնը՝ Խաչվերացը։ Այն հինգ տաղավար տոներից մեկն է և տարվա վերջին՝ հինգերորդ տաղավար տոնը։
168.am-ի հետ զրույցում Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը խոսելով տոնի խորհրդից՝ նշեց, որ Խաչվերացը Խաչի տոներից մեծագույն տոնն է։
«Այս տոնի սկզբնավորումը կապում են այն ավանդույթի հետ, որ մի փոքր երեխա՝ ոտքից կաղ, խաղալու ժամանակ պատահաբար դիպչում է խաչափայտին, որը գցված էր Գողգոթայում, և նրա ոտքը լավանում է։ Խաչի համբավը հասնում է մինչև Երուսաղեմ, շատերը գալիս են ու խաչափայտից բժշկություն են ստանում։ Հետագայում խաչը թաքցնում են սարի վրա և աղբով այն փակում։
Իսկ Կոստանդիանոս կայսեր ժամանակ, կայսեր մայրը՝ Հեղինե թագուհին, 335 թվականին գնում է Երուսաղեմ, այն հայտնաբերում է խաչափայտը և այն կանգնեցնում է։
Խաչվերացը նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում՝ մոտ եղած կիրակի օրը, այսինքն՝ սեպտեմբերի 2-րդ կիրակին է լինում։ Տոնը, իհարկե, ունի Նախատոնակ՝ Խաչվերացի նախորդ երեկոյան Նախատոնակ է արվում, բուն տոնն է արվում, և մնացած տաղավար տոների նման ունի մեռելոց հիշատակության օր»,- պարզաբանեց քահանան։
Նրա խոսքով՝ վաղը սուրբ Խաչի բարձրացման տոնն է, դրան է խառնված նաև խաչի՝ պարսկական գերությունից վերադարձնելու տոնը։
«Պարսիկ Խոսրով թագավորը 610 թվականին գրավում է Երուսաղեմ քաղաքը և խաչափայտը տանում Պարսկաստան։ Հերակլ կայսրը, նաև հայկական զորքերի աջակցությամբ պատերազմում է պարսիկների դեմ և 620 թվականին ազատագրում խաչափայտը և Հայաստանով տեղափոխում են Բյուզանդիա՝ ճանապարհին Կարին քաղաքում կանգնեցնելով: Սպարապետ Մժեժ Գնունին էլ՝ հայկական զորքերի հետ, ակտիվ մասնակցություն են ունեցել խաչափայտի վերադարձման գործում»,- հավելեց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Ըստ նրա, Խաչվերացն Առաքելական եկեղեցու սիրված, խաչին նվիրված կարևոր տոներից է։ Խաչը Հիսուս Քրիստոսի խորհրդանիշն է։
«Խաչի նկատմամբ մեր ցուցաբերած հարգանքը, պաշտամունքն արտահայտելով, ցույց ենք տալիս տիրոջ նկատմամբ մեր վերաբերմունքը։ Այսինքն՝ խաչը խորհրդանիշ է։ Շատ անգամ տեսնելով, որ մենք խաչ ենք պաշտում, կարող են չհասկանալ, որ մենք ոչ թե խաչի նյութն ենք պաշտում, այլ խաչված և հարություն առած տիրոջը։ Պողոս Առաքյալը խոսելով խաչի մասին՝ ասում է՝ «քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ հետ, ես էլ՝ աշխարհի»։ Այսինքն՝ Պողոս Առաքյալի համար խաչը պարծանքի գործիք է»,- շեշտեց քահանան։
Միաժամանակ նա ընդգծեց, որ խաչը հարության խորհրդանիշ է, Կյուրեղ երուսաղեմցի հայրապետն ասել է՝ «խաչը պատվում եմ, որովհետև հավատում եմ հարությանը»։ Այսինքն՝ խաչը ոչ միայն խաչելիության, այլև հարության խորհրդանիշ է։ Թերևս, սա է պատճառը, որ Առաքելական եկեղեցիներում տարածված են ծաղկած խաչերը, որոնք խորհրդանշում են նաև Քրիստոսի և բոլորի հարությունը։
«Խաչվերացի տոնն արտահայտվում է պատարագով, բոլոր գործող եկեղեցիներում տեղի կունենա պատարագ։ Ցանկալի է, որ հավատացյալ ժողովուրդն այցելի եկեղեցիներ, մասնակցի պատարագին, հաղորդություն ստանան։ Տաղավար տոները, այդ թվում՝ Խաչի տոնից առաջ մեկշաբաթյա պահքի շրջանն է, հետևաբար՝ պահքից այդ օրը դուրս են գալիս տոնական կերակուրներով։ Միջնադարում տարածված է եղել, որ թոնիրում ուլ կախեն, այստեղից էլ առաջացել է «սրբխեչի ուլ» արտահայտությունը, գառնուկ կամ ուլ են մատաղ արել և ընտանիքով նշել են։ Տոնին հաջորդող օրը տեղի է ունենում մեռելոց հիշատակության օր, որի ժամանակ կրկին պատարագ կմատուցվի եկեղեցիներում, իսկ դրանից հետո բոլորն այցելում են ննջեցյալների շիրիմներին»,- եզրափակեց Տեր Վրթանես Բաղալյանը։