Վերաքննիչում տեղի է ունենում կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի գործով հերթական դատական նիստը

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի գործով հերթական դատական նիստն էր:

Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով փոխգնդապետ Արա Մխիթարյանը, շուրջ 3 տարի է՝ կոմայից դուրս չի եկել:

Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:

Դեպքին ականատես սպաները ցուցմունք էին տվել, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ևս ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն, սակայն, հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան՝ միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Կարդացեք նաև

Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երկու անձի, որոնցից մեկի՝ Զավեն Գրիգորյանի նկատմամբ նախաքննական մարմնի որոշմամբ հետապնդումը դադարեցվել է, իսկ Հարություն Գրիգորյանի վերաբերյալ դրվագն անջատվել և ուղարկվել դատարան։ Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, Հարություն Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։

Առաջին ատյանի կայացրած որոշման դեմ հերթական բողոքի քննությունն այսօր էր:

Հարություն Գրիգորյանի պաշտպանի ներկայացրած բողոքին անդրադառնալով՝ մեղադրող դատախազը ուշադրություն հրավիրեց բողոքի ձևակերպումներից մեկի վրա՝ արձանագրելով, թե այդկերպ պաշտպանը նկատի է ունեցել 70-րդ հոդվածի կիրառում, ինչը տվյալ դեպքում չի կարող ապահովել պատժի նպատակները:

«Մեղադրանքի ճառում անձամբ նշել եմ, որ բոլոր հանգամանքները հաշվի առնելով, նաև տուժողների քանակը, նրանց՝ որոշակի չափով ալկոհոլ օգտագործած վիճակը, գիշերային ժամը, նաև հաշվի առնելով ամբաստանյալի վարքագիծը՝ կապված մեղքի մասնակի ընդունման հետ, նշել եմ, որ 5-10 տարի նախատեսող սանկցիայով ընդամենը 5.5 տարի ազատազրկում միջնորդելով, հնարավոր է հասնել պատժի նպատակներին:

Ըստ էության, կարծում եմ, որ 70 հոդվածի կիրառումը տվյալ դեպքում չի կարող ապահովել պատժի նպատակները»,- իր խոսքում շեշտեց նա:

Հարություն Գրիգորյանի պաշտպանն էլ նկատեց. «Դատախազի ելույթից պարզ դարձավ, որ, այո, դատավճիռը կայացվել է ընդամենը երեք հոգու ցուցմունքների վրա, իսկ իրենց ցուցմունքների անարժանահավատության մասին, որ ցուցմունքները հակասել են մեկը մյուսին, գործի նյութերին, ոչ մի փաստարկ չներկայացվեց»:

Կողմերին լսելուց հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Մինչ վճռի հրապարակումը՝ դատարանի բակում Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, պատասխանեց լրագրողների հարցերին:

«Դինամիկա չկա, ինքը գտնվում է Զինվորի տանը. նույն վիճակն է, անգիտակից պառկած է, բժիշկների հսկողության տակ,- որդու առողջական վիճակին անդրադառնալով՝ նշեց Սամվել Մխիթարյանը: Դատարանից ակնկալիքների մասին՝ փոխգնդապետի հայրը հակիրճ եղավ,- Ես իրենց խելամիտ որոշմանն եմ սպասում»:

Դատարանի վճիռը հրապարակվեց 15:00-ին. Հարություն Գրիգորյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվեց:

Տեսանյութեր

Լրահոս