«Միշտ կարելի է  սկսել ցածր վարձատրվող ու դժվար աշխատանքից և հետո լավ աշխատանքի արդյունքում զարգանալ». Վահան Քերոբյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Վահան Քերոբյանը պարզաբանեց վերջերս կատարած մեկ այլ ֆեյսբուքյան  գրառում ևս, որտեղ գրել էր, թե աշխատաշուկան տարբեր մասնագիտություններով աշխատողների խնդիր ունի, սակայն մարդիկ չեն ուզում աշխատել։

Նախարարը  մանրամասնեց, որ կոնկրետ այդ գրառումը վերաբերում էր ոսկերչությանը։

«Կա մեծ խզում՝ մարդկանց ունակությունների և ցանկությունների միջև՝ մի կողմից, և շուկայի պահանջների՝ մյուս կողմից։ Պետք է խոստովանեմ, որ կառավարությունն էլ մեծ անելիք ունի, որպեսզի մոտեցնի պահանջարկը և առաջարկն իրար, որ մարդիկ կարողանան իրենց հմտություններին համապատասխան վարձատրվող աշխատանք գտնեն։ Այստեղ խնդիրները շատ են, բայց ես գիտեմ նաև, որ շատ բան կախված է հենց մարդկանցից։ Օրինակներ կարող եմ բերել, երբ եղավ մի ուրիշ դեպք՝ մի մարդ մի գյուղից ինձ դիմեց, խնդրեց ընտանի կենդանիներով օգնել իրեն, որպեսզի ինքը կարողանա ընտանիքը պահել։ Էլի պատահաբար դրանից մի քանի օր առաջ ինձ դիմել էր մի գործարար, որն անասնապահությամբ էր զբաղվում, ինձ դիմած գյուղացուն ասացի՝ ինչո՞ւ նրա մոտ չես աշխատում, նա գնաց-կորավ։

Միշտ կարելի է  սկսել ցածր վարձատրվող ու դժվար աշխատանքից և հետո լավ աշխատանքի արդյունքում զարգանալ, ունակությունները զարգացնել ու ստանալ ավելի բարձր աշխատավարձ»,- նշեց Վահան Քերոբյանը։

Կարդացեք նաև

Հարց հնչեց նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նոր ներկայացման մասին, Վահան Քերոբյանը հակադարձեց՝ մարդն իր գործով է զբաղվում, ի՞նչ եք ուզում, նա իր ամբողջ մասնագիտական գործունությունը թատրոնում է  անցկացրել։

«Ներկայացման տոմս ձեռք չեմ բերել»,- հավելեց նա։

Խոսելով երկնիշ տնտեսական աճից և այդ համատեքստում մարդկանց սոցիալական խնդիրների ավելացումից, Վահան Քերոբյանն ասաց, որ բարձր տնտեսական աճը սովորաբար բերում է  բարձր գնաճ։

«Սակայն այս տարի մենք ունենք բարձր գնաճ ոչ միայն բարձր տնտեսական աճի պատճառով, այլև համաշխարհային գների բարձրացման, նաև Հայաստան եկած լրացուցիչ մարդկանց և զբոսաշրջիկների կողմից առաջացած բարձր սպառման պատճառով։ Ինչպես գիտեք, բարձր տնտեսական աճից սովորաբար օգտվում է հասարակության բարձր խավը, իսկ բարձր գնաճը հարվածում է ավելի խոցելի խավին։ Կառավարության աշխատանքը պետք է ուղղված լինի, որ օգուտը հավասար բաշխվի։ Սեպտեմբերի 1-ից մենք բարձրացրեցինք թոշակները»,- եզրափակեց Վահան Քերոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս